«Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար այս տարի նախարարությունը 210 միլիոն դրամ գումար է նախատեսել, նախկին 50 միլիոն դրամի փոխարեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս շաբաթ արդեն հանդիպում ունենք՝ որոշելու, թե այդ 210 միլիոնը ինչպես ենք ծախսելու: Բայց, նախնական ասեմ՝ հակվածությունը հիմնականում ուղղված է լինելու անպտղության պատճառները պարզելուն, եւ մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը:

Որովհետեւ ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ծախսն ավելի արդյունավետ է պարզել պատճառը եւ լուծել: Սա ավելի էժան է եւ ավելի շատ մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան պարզապես մի քանի տասնյակ զույգերի արտամարմնային բեղմնավորում անելը: Բայց երկուսն էլ լինելու են»,-ասաց Թորոսյանը: