«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով եւ դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում:

Երեկ եւս խորհրդարանում տեղի է ունեցել խմբակցության հերթական երկուժամանոց նիստը, որի ժամանակ հիմնականում քննարկվել են հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմերի հետ կապված հարցեր:


Մասնավորապես, թերթին հայտնի դարձավ, որ վերջնականապես հաստատվել են, թե իրենց անդամներից ով որ հանձնաժողովի կազմում կլինի, ով կլինի փոխնախագահ եւ որ միջազգային պատվիրակությունում ներկայացված կլինեն:

Դրանից հետո էլ արդեն ԱԺ խորհրդի նիստում վերջնականապես հաստատվել է «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում» (Եվրանեսթ) պատվիրակության կազմը: Մասնավորապես պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը: Ընդ որում, կազմը հաստատվել է 10 կողմ, 4 դեմ ձայներով, իսկ «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» առաջին նիստն էլ տեղի կունենա հունվարի 28-29-ին, ասել է թե` եւս մեկ միջխորհրդարանական պատվիրակության լուրջ փորձություն է սպասվում դրսում՝ դիվանագիտական ճակատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում