Նիկոլ Փաշինյանն ավարտել է այցը Շվեյցարիա, ուր մասնակցում էր Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին, ու մեկնել Մոսկվա: Մոսկվայում նա ելույթ կունենա ԵՏՄ Խորհրդում, այդ կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Ինչպիսի՞ն է Դավոսի համաժողովի արդյունքը Հայաստանի համար: Հայաստանն իհարկե առաջին անգամ չէ, որ մասնակցել է Առաջին դեմքի մակարդակով: Այդպիսի մասնակցություն եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, բայց միաժամանակ հենց այդ շրջանից էլ Հայաստանում սկսել է Դավոսի նկատմամբ հետաքրքրության անկումը: Պատճառներից է գուցե այն, որ Դավոսն էր սկսել քիչ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հանդեպ, ելնելով դրա տնտեսության եւ իշխող համակարգի բնույթից:

Հետաքրքրությունը փորձեց բարձրացնել վարչապետ Կարեն Կարապետյանը, այցելելով Դավոս 2018-ի համաժողովին, բայց արդեն թերեւս ուշ էր, քանի որ Կարեն Կարապետյանը հազիվ թե հետաքրքրեր Դավոսին Հայաստանում իր բարձրաստիճան մենեջերական ապագայով: 2018-ի հունվարին այլեւս հստակ էր, որ Կարապետյանի վարչապետ մնալու շանսը խիստ տեսական է ու երեւակայական: Իսկ Դավոսում հավաքվում են գործնական տնտեսա-քաղաքականության շրջանակները:

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բարձր՝ Առաջին դեմքի մակարդակով մասնակցության ֆորմատի վերականգնում էր, ինչը սակայն ուներ արդեն ավելի լայն բազա՝ Հայաստանում թավշյա հեղափոխության իննամսյա պատմություն եւ պետականության համաշխարհային դերակատարման լայն հեռանկարի վերականգնման հնարավորություն:

Այդ իմաստով Հայաստանի մասնակցությունն աննախադեպ էր, ինչի մասին դեռեւս Նոր տարվա տոնական օրերին հայտարարել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ասելով, որ Դավոսի համաժողովում Հայաստանը կունենա աննախադեպ ֆորմատի մասնակցություն:

Բայց, աննախադեպ էր Հայաստանի մասնակցության «քաղաքական-հոգեբանական» բազան, իսկ ո՞րն էր ֆորմատային աննախադեպությունը:

Հայաստանի մասնակցությունը Դավոսում աննախադեպ դարձավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումով: Եվ այստեղ հետաքրքիր է դիտարկել՝ Դավոսը ուղղակի ընտրվել էր որպես հարմար ժամանակ ու վա՞յր, երբ երկու ղեկավարները նույն ժամին նույն վայրում էին լինելու, թե՞ նշանակություն ուներ նաեւ Դավոսում տեղի ունեցող համաժողովի բնույթը:

Իհարկե հնարավոր չէ ստանալ այդ հարցի ստույգ պատասխան, բայց այդուհանդերձ կան որոշակի նշաններ, որոնք հիմք կտան խոսել այն մասին, որ Դավոսում հանդիպման կազմակերպումը ամենեւին պայմանավորված չէր լոկ վայրով, այլ նաեւ բնույթով, ու այստեղ կա իսկապես բովանդակային աննախադեպության ուրվագիծ, իհարկե զարգացման հնարավորության անորոշությամբ:

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որ տեղի ունեցավ Փարիզում, հաջորդեց համանախագահների եռյակի հայտարարությունը, որտեղ կար նախադեպ չունեցող մի պարբերություն: Նրանք խոսում էին համատեղ նախաձեռնությունների կարեւորության մասին, որոնք թույլ կտան իրացնել ռեգիոնի տնտեսական ներուժը: Նրանք ընդգծել էին «հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը»: Ընդ որում հատկանշական է, որ դա չէր կապակցվել կամ պայմանավորվել կարգավորման գործընթացում որեւէ համաձայնության գալու հետ:

Այդպիսով, դեռեւս Փարիզից նշմարվում էր որոշակի մոտեցումային նորություն, երբ հակամարտության քաղաքական անհամաձայնության պարագայում կարող է խոսք լինել ռեգիոնալ տնտեսական ներուժի առումով փոխշահավետ նախաձեռնությունների մասին: Ընդ որում, մի բան, որ հայկական կողմը առաջարկել է դեռեւս տասնամյակ առաջ՝ որպես դիմակայության մթնոլորտը լիցքաթափելու, համատեղ ռեգիոնալ կյանքը առաջ տանելու եւ անվտանգության ու կայունության միջավայր ձեւավորելու համար: Բայց այդ առաջարկը մնացել է անպատասխան:

Այժմ խորքային առումով նոր իրավիճակ է, եւ խնդիրներ ունեն բոլորը, ինչը բոլորին է թերեւս ստիպում փնտրել ռեգիոնալ խաղաղ համակեցության նոր մոտեցումներ, քաղաքական հակամարտության պատանդ չմնալու համար:

Եվ այդ իմաստով, հատկանշական է Դավոսում Փաշինյան-Ալիեւ շփում կազմակերպելը, նաեւ հենց Դավոսում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում չի եղել անդրադարձ Արցախի խնդրին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am