Հայաստանը ստանձնել է ԵՏՄ նախագահությունը, որի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը այցելել է Մոսկվա եւ ներկայացրել, թե ինչ առաջնահերթություններ է տեսնում Հայաստանը իր նախագահության օրոք:

ԵՏՄ «մեծ նաչալնիկը», ինչպես բնութագրել էր ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Հայաստանի ներկայացուցիչն է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսինքն, ստացվում է, որ ԵՏՄ-ում Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵՏՀ կոլեգիայի հայ նախագահի օրոք:

Ուշագրավ է, որ թե Տիգրան Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակին դեմ էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը դեմ էր, երբ Հայաստանի վարչապետն էր, եւ հայկական ու ռուսական մեդիայում բուռն քննարկումներ էին գնում Հայաստանի անդամակցության շուրջ: Նա իր դեմ լինելը պատճառաբանում էր նրանով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ երկրների հետ: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի պատրաստմանը եւ ստորագրմանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքն էլ նախորդ գումարման խորհրդարանում բարձրացրել էր ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը: Բայց դառնալով վարչապետ, Փաշինյանը հրաժարվեց այդ մտքից եւ հայտարարեց ԵՏՄ-ում եւ ընդհանրապես եվրասիական բլոկներում Հայաստանի շահերից բխող քաղաքականության մասին:

Եվրասիական բլոկները Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքում ազդեցությունը պահելու եւ սեփական տնտեսական հարցերը լուծելու գործիքներ են: Իր հերթին, հատկապես վերջին տարիներին հայ հանրությունը համոզվեց, որ այս բլոկներում հավաքված են Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող երկրներ, եւ այդ հանգամանքը դրսեւորվում է ամենատարբեր ոլորտներում՝ ռազմականից մինչեւ տնտեսություն:

Հայաստանը ներկայում ջանքեր է գործադրում այս բլոկներում սեփական շահերն առաջ տանելու համար, այդ թվում դիմելով կտրուկ քայլերի, եւ նկատի առնելով վերոհիշյալ հանգամանքը, թերեւս անհրաժեշտ է դրանցում Հայաստանի ներկայությունը: Մյուս կողմից, այդ հարթակը լիարժեք չի կարող լինել այլ, ամենաբազմազան ու նույնիսկ անսպասելի ուղղություններով արդյունավետ քաղաքականության ու քայլերի բացակայության պարագայում:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am