Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին:

Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության:

Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ: Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ, ջանք ու ավանդ բերելու Հայաստանի ու Արցախի շենացմանն ու զարգացմանը եւ իրագործելու առաջընթացի ու ազգային զարթոնքի մեր տեսիլքները: Մեր հայրենաշեն գործերը պիտի պանծացնեն նաեւ հիշատակը իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների:

Աստվածակառույց Մայր Տաճարի Սուրբ Սեղանի առջեւ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների եւ օրհնության ներքո պահպանի մեր Բանակի սպաներին ու մարտիկներին`զորացնելով ամուր հավատքով, ուժ ու կորով պարգեւելով իրենց պանծալի ծառայության մեջ եւ նպատակների իրագործում ու երջանկություն՝ իրենց կյանքում:

Թող Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, խաղաղ ու ապահով շենանա եւ զորանա հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը»։