Հունվարի 28-ին Բանակի օրվա առթիվ նախկին ու ներկա բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են հանդիսավոր ընդունելության: Նրանցից շատերը կարծիք են հայտնել մարտի 1-ի գործի մասին, որի շրջանակում քննվում է բանակի ներգրավվածությունը 2008 թվականի ընտրություններից հետո ստեղծված քաղաքական կոնֆլիկտին:

Թե Հայաստանում, թե Արցախում զինվորականներն ասում են, որ բանակը չի խախտել Սահմանադրությունը՝ զբաղվելով ռազմավարական օբյեկտների պաշտպանությամբ, եւ չկա փաստ, որ զինվորականները մարդկանց մահվան կամ վիրավորվելու պատճառ են դարձել, քանի դեռ քննչական մարմինները չեն ներկայացրել հակառակը վկայող փաստեր:

Հայաստանում չի գտնվի մեկը, որ չգիտակցի մարտի 1-ի գործի ու մեղավորների բացահայտման կարեւորությունը: Բայց քիչ չեն նաեւ մարդիկ, որոնք ամուր համոզմունք ունեն այս գործով, արդեն գծել են մեղավորների շրջանակը եւ կարծում են, որ նրանք արժանի են ամենախիստ պատժի:

Քննչական մարմինները եւս գլխավորում են մարդիկ, որոնք վստահ են այդ կամ այն անձանց մեղավորության մեջ եւ որի մասին հայտարարել են վաղուց: Քննչական մարմինները փորձում են մեղավորներին մինչեւ դատը ճաղերի հետեւում պահել, որը հասարակության մի մասի մոտ «գլադիատորական էֆեկտ» է առաջացնում:

Բայց հասարակության մյուս մասի մոտ կասկածներ ու հարցեր են առաջանում, որ եթե քննչական մարմինները մինչեւ հիմա փաստեր չեն ներկայացրել եւ գործը չեն ուղարկել դատարան, հնարավո՞ր է նրանք ցանկանում են անցանկալի մարդկանց որքան հնարավոր է ճաղերի հետեւում պահել:

Մարտի 1-ի գործը կարեւոր հանգրվան է հայկական պետականության պատմությունում, եւ մեղավորների ու իրադարձությունների ամբողջ շղթայի բացահայտումը շատ կարեւոր է: Այս գործում հատուկ դեր կարող են խաղալ քննչական մարմինները, որոնք պարտավոր են առաջնորդվել ոչ թե կանխակալ համոզմունքներով, այլ փաստերով ու իրավական կատեգորիաներով: Անգամ եթե Սասուն Խաչատրյանն անկեղծ համոզված է այս կամ այն անձանց մեղավորության մեջ, բայց բավարար փաստեր չունի, մարտի 1-ի գործը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ ու բացասաբար ազդել նոր կառավարության հանդեպ վստահության վրա:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ծիծաղելի է անվանել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը: Մովսես Հակոբյանն ասում է, որ Արցախի Պաշտպանության բանակը ներգրավված չի եղել մարտի 1-ի դեպքերին: Սեյրան Օհանյանը պնդում է, որ զինվորականները կատարել են իրենց պարտականություններն արտակարգ դրության հայտարարումից հետո: Յուրի Խաչատուրովը կոչ է անում ոչնչից չվախենալ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում իրավական հարցերը: Վիտալի Բալասանյանն ասում է, որ չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնողները վատ վիճակում կհայտնվեն:

Հայաստանի հանրությունը, որը վերջին ամիսներին հույսով լսել է քննչական մարմինների հայտարարությունները եւ հետեւել, թե ինչպես են մեղադրյալներին մեկ կալանավորում ու մեկ էլ բաց թողնում, թերեւս ժամանակն է, որ դիմի քննչական մարմիններին: ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո հարցեր են ծագել քննչական մարմիններին, եւ Վանեցյանի ու Խաչատրյանի մամուլի ասուլիսը ցույց է տվել, որ նրանք ոչ բոլոր հարցերին պատասխան ունեն: Հասարակությունը որոշեց ներել պաշտոնյաներին, որոնք պաշտոն են ստացել հեղափոխական ալիքի վրա, ու եւս մեկ հնարավորություն ու վստահության քվե տալ:

Քննչական մարմինները կարողացե՞լ են արդարացնել այդ վստահությունը, թե՞ ինչպես նշում են փորձագետները, շարունակվում է քննչական մարմինների ընտրովի մոտեցումը: Նախաքննությունն օգտագործվու՞մ է որպես քաղաքական պայքարի գործիք: Օրինակ, օրերս բանտում մահացած Մհեր Եղիազարյանի ձերբակալությունը որոշ շրջանակներ գնահատել են 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների նախընտրական քարոզարշավին նրա մասնակցության լույսի ներքո:

Որքա՞ն է մարտի 1-ի գործը հեռու դատավարական փուլից, եւ քննությունը բավարար ապացույցներ ունի՞, որ երկրի այն ժամանակվա ղեկավարությանն ու բանակին մեղադրի սահմանադրական կարգի տապալման ու մարդկանց սպանության մեջ: Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին ներկայացված մեղադրանքը «ապացույցների ոչնչացման» մասին վկայում է, որ քննությունն իրեղեն ապացույցներ չունի՞, որ Զինված ուժերը սպանել են մարդկանց:

Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրաժրականի կոչեր են հնչել: Հիմա բոլորը նրանից նախկին իշխանություններին ու բարձրաստիճան զինվորականներին ներկայացված ծանր մեղադրանքների առարկայական ու համոզիչ ապացույցներ են սպասում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am