Եվրախորհրդարանը եւ Եվրամիության Խորհուրդը ձեռք են բերել դեռեւս պաշտոնապես չամրագրված համաձայնագիր՝ ԵՄ նոր վիզային օրենսգրքի վերաբերյալ: Այն նախատեսում է նոր կանոններ՝ ԵՄ կարճատեւ այցերի համար (90-ից մինչեւ 180 օր), հաղորդում է Deutsche Welle-ը:

«Բարեփոխումների հիմնական նպատակն է դյուրացնել զբոսաշրջության, առեւտրի եւ բիզնեսի համար օրինական այցերը, միաժամանակ միջոցներ ձեռնարկել՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար», - ասվում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Վիզա ստանալու դիմումն այսուհետ կարելի է ներկայացնել ուղեւորությունից 6 ամիս առաջ (նախկինում`ընդամենը 3 ամիս), վիզաների արժեքը կբարձրանա 60-ից մինչեւ 80 եվրո, եւ վերջապես, կգործի ուղիղ կապ` վիզաների տրամադրման արագության եւ գնի, ինչպես նաեւ վիզա տրամադրող երկրի՝ ԵՄ-ի հետ միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակելու պատրաստակամության միջեւ: Բրյուսելը հատկապես հետաքրքրված է այն ջանքերով, որոնք երկիրը գործադրում է՝ անօրինական միգրանտներին ետ ընդունելու հարցում:

Ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնագիրը պետք է հաստատի Եվրախորհրդարանը, որից հետո այն կներկայացվի ԵՄ-ի Խորհրդի վերջնական հաստատմանը: Վիզաների օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի «Պաշտոնական ամսագրում» դրանց հրապարակումից վեց ամիս հետո: