«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել»: Այս մասին այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Լավ է, երբ կողմերը միմյանց հետ բանակցում են, բայց երկու կողմերը պետք է պատրաստ լինեն, որպեսզի խոսքին հետևեն գործողությունները: Կարծում եմ՝ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա նաև պահանջում է մյուս կողմի՝ խիզախ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն: Եվ վերջին հաշվով երկու կողմերը պետք է բանակցեն»,- ասել է կանցլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում վերջին հանդիպումների ազդեցության մասին հարցին:

Վարչապետն, իր հերթին, պարզաբանել է՝ ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը:

«Ուզում եմ պարզաբանել՝ ինչ խիզախ քայլերի մասին է խոսքն ու արձանագրել դա, քանի որ կարևոր բնորոշում է բանակցային այսօրվա իրավիճակի համար: Ամիսներ առաջ Հայաստանի խորհրդարանում արել եմ հայտարարություն, որի համաձայն՝ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ ես հույս ունեի, որ Ադրբեջանի կողմից ևս ընդունելի կլինի: Սակայն, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի համար: Եվ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որն ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող»,- ասել է ՀՀ վարչապետը: