Երեւանում, այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 07։20-ի սահմաններում 27-ամյա Աշոտ Ղ.-ն իր վարած Opel մակնիշի 34 DL 153 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին եւ բախվել երկաթե գովազդային սյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Աշոտ Ղ.-ն ու նրա ուղեւորներ 30-ամյա Սերյոժա Ղ.-ն ու 28-ամյա Արթուր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ երկուսին՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, որոնք օգտագործել են հատուկ տեխնիկա։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւոր Սերյոժա Ղ.-ն եղբայրներ են։