Ուկրաինայի Խերսոն քաղաքի բանտում մեր երկու հայրենակիցներն արդեն 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման

«Ուկրաինայի Խերսոն քաղաքի բանտում մեր երկու հայրենակիցներն արդեն 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման: Նրանց նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառում, հոսանք միացնում ականջներին, ոտքերից են կախում, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ և դաժան ծեծի ենթարկում»,- ահազանգում է հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Ուկրաինայում տեղի ունեցած ադրբեջանցու սպանության համար կալանավորված ազգությամբ հայեր Սերգեյ Կարապետյանի ու Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքին:

Արդեն չորրորդ տարին է, ինչ բանտում են գտնվում Կարապետյանն ու Հովհաննիսյանը: Նրանք մինչ օրս ունեն կալանավորի կարգավիճակ. դատարանը պարբերաբար և միտումնավոր հետաձգում է դատավարական գործողությունները: Փոխարենը, նրանք շարունակվում են խոշտանգվել և անմարդկային պայմաններում մնալ:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը սակայն կարծում է, որ ուկրաինական իշխանություններն այս ամենից անտեղյակ են և սա կոնկրետ պատվեր է ադրբեջանական կողմից:

«Մենք ունենք տեղեկություններ, որ սպանված ադրբեջանցին Իլհամ Ալիևի հետ բարեկամական կապեր ունի, այդ պատճառով են նման անմարդկային ձևով վարվում մեր հայրենակիցների հետ: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել այս մասին, տարիներ շարունակ դիմել իշխանություններին, Արցախի ՄԻՊ-ին, բայց դեռ որևէ հստակ արձագանք չենք ստացել»,- նշեց Ավետիսյանը:

Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակից Forrights-ին տեղեկացրին, որ դեռևս անցած տարվա հուլիսին աշխատակազմը բողոք է ստացել՝ Ուկրաինայի Խերսոնի մարզում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու, ցմահ ազատազրկման դատապարտելու և ներկայում Խերսոնի քննչական մեկուսարանում նրանց խոշտանգումների ենթարկելու, նրանց իրավունքները ոտնահարելու վերաբերյալ:

«Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ գրություն է ուղարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին: Պատասխան նամակում ՄԻՊ-ին տեղեկացել են, որ Կարապետյանի և Հովհաննիսյանի նկատմամբ Ուկրաինայի քրեական հետապնդման մարմինների կողմից ֆիզիկական, հոգեկան կամ այլ ճնշումներ գործադրելու, դաժան վերաբերմունքի կամ այլ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել: Բացի վերոնշյալից, մեր հայրենակիցները պահման պայմանների վերաբերյալ որևէ բողոք կամ խնդրանք չեն ներկայացրել»,- Forrights-ին ի պատասխան նշեցին ՄԻՊ-ից:

Օրեր առաջ Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց իրականացրին։ Նրանք դեսպանին նամակ հղեցին` պահանջով, որպեսզի հետամուտ լինեն Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունների հանդեպ:

Ադրբեջանցիների կողմից ավերված և ոչնչված հայկական խաչքարերը՝ ծեծկռտուքի պատճառ

Դեռ տարիներ առաջ պարբերաբար բարձրաձայնվում էր այն փաստը, որ Ջուղայում ադրբեջանցիների կողմից ավերվում և ոչնչանում են հայկական խաչքարերն ու հուշարձանները: Ադրբեջանն այս ամենն անում էր իր զինված ուժերի միջոցով, հետագայում՝ հայկական գերեզմանների տարածքը կրակադաշտ դարձնելով: Այս դեպքը պարբերաբար իր արձագանքն էր գտնում հարևան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում: Խերսոն քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև այս առիթով վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի, ինչի արդյունքում սպանվում է վեճի մասնակից ադրբեջանցիներից մեկը, ով, ըստ Սարգիս Տեր-Եսայանի, այդ վեճի կազմակերպիչն էր:

«Տեղի հայերը հանդիպել են ադրբեջանցիների հետ, այդ վիճաբանության արդյունքում եղել է զոհ: Հայերը մենակ չեն եղել, նրանց հետ եղել են նաև երկու ռուս և մեկ թալիշ, ովքեր նույնպես գտնվում են բանտում և խոշտանգվում: Ադրբեջանցիների կողմից մեր հուշարձանները, գերեզմանոցներ և խաչքարեր վերացնելն տարիներ շարունակ անպատիժ է մնացել: Նկատենք, որ նման պատմամշակութային կոթողների ոչնչացումը միջազգայնորեն որակվում է՝ որպես «Սպիտակ եղեռն»»,- իր խոսքում նշեց Տեր-Եսայանը:

Նյութի աղբյուրը՝ forrights.am