Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Արցախի Հանրապետություն, բարձր մակարդակի հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի հետ, ինչպես նաեւ ընդլայնված կազմով խորհրդակցություն են անցկացրել Արցախի Ազգային ժողովում:

Նոր խորհրդարանի ձեւավորումից հետո սա ԲՀԿ–ի առաջին պաշտոնական այցն է: Նախկինում եւս ԲՀԿ–ն բավական ակտիվ էր Արցախի հետ կապերի իմաստով: Խոսքն, ընդ որում, ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ակտիվության մասին է: Նախկինում էլ կուսակցությունն իր եվրոպացի գործընկերներին է ուղեկցել Արցախ, ծանոթացրել երկրորդ հայկական պետության քաղաքական վերնախավին, կազմակերպել քննարկումներ նրանց միջեւ, ինչպես նաեւ շանս ընձեռել ծանոթանալ արցախյան հասարակական տրամադրություններին:


Նոր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության այցն Արցախ եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստան– Արցախ հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես երկու երկրների ղեկավար կազմի հանդիպումներով: Այս հարաբերությունները պահանջում են անխտրական, համազգային միասնություն, եւ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են այս հարցում մշտական ռեժիմով պահել համագործակցությունը: Բացի այդ էլ շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման, ընդհանրապես տարբեր միջազգային հարթակներում Արցախի շուրջ քննարկումներում հայանպաստ դիրքորոշման ամրապնդման համար:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դերակատարումը Եվրախորհրդարանում, որտեղ նա քանիցս կարողացել է հայանպաստ դիրքորոշումներն առաջ տանել, միաժամանակ սուր դիմադրություն ցույց տալով ադրբեջանական պատվիրակներին ու ադրբեջանական կողմի միջոցներով լոբբինգ արվող նախագծերին: Հատկապես հիմա, երբ Արցախի շուրջ ակտիվ գործընթացներ են ընթանում, կա խնդրի շուրջ միջազգային քննարկումների ակտիվացում, կենսական է, որպեսզի Հայաստանից այս հարցում հնչող ուղերձները լինեն հստակ ու ցույց տան ոչ միայն հասարակության ու երկու երկրների իշխանությունների, այլեւ ողջ քաղաքական դաշտի միասնականությունն այս հարցում:

Շատ կարեւոր էր նաեւ Ծառուկյանի ուղերձն առ այն, որ ներկայումս Արցախ–Հայաստան տարանջատում մտցնելու փորձերը պետք է բացառել: Իսկապես վերջին շրջանում այդ փորձերը բավական շատ են, ու հաշվի առնելով դրանց բացասական հետեւանքները, դրանց օր առաջ չբացառումը կարող է բերել անցանկալի արդյունքների: Ընդհանուր առմամբ այցը կարելի է ամփոփել Ծառուկյանի այն հայտարարությամբ, որ նա հնչեցրել էր նաեւ նախընտրական շրջանում եւ եւս մեկ անգամ հնչեցրեց Արցախում՝ «Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում