«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Ավանդական հինգշաբթի օրերի փոխարեն այս անգամ կառավարության նիստն անցկացվում է չորեքշաբթի։ Մենք տեղեկացանք, որ այն այսօր անցկացնելու որոշումը կապված է կառավարության ծրագրի ներկայացման հետ։ Այն կներկայացվի կառավարությանը, որից հետո կուղարկվի Ազգային ժողով եւ կհրապարակվի։

Արդեն մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակությունը, որի օրակարգում մնացել էր մեկ հարց՝ հենց կառավարության ծրագրի ներկայացումը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 151 հոդվածի համաձայն` կառավարությունն իր ծրագիրը պետք է ԱԺ ներկայացնի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվել է հունվարի 18-ին, երբ նշանակվել են նախարարները, արդեն վաղը կլրանա սահմանադրությամբ նախատեսված ժամկետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում