Շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի. ավարտական կառույցի շենքին կարծես գրված լինի՝ «պետական շինարարություն»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, պետական շինարարության մասին մեր ընկալումները երկար տարիներ չեն փոխվում. «Որ պետական շինարարություն է, կարող է մի քիչ ծուռ լինի, մի քիչ գույնը էն չլինի, որակն էն չլինի: Դե պետական շինարարություն է, էլի: Բայց երբ որ սեփական շինարարություն է, ամեն անկյունը ծյունինգ արած է: Հա, դե դպրոց ա, մեկ է՝ երեխեքը քանդելու են: Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է պետական շինարարության որակի վերաբերյալ ընկալումը փոխել:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ եթե լավ սարքած է, երեխաները չեն քանդում:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շինարարությունն ամենա «ատկատատար» ոլորտներից մեկն է, որտեղ կարելի է գաջը մի քիչ բարակ քսել, ցեմենտը մի քիչ քիչ լցնել եւ այլն. «Կոռուպցիայի դեմ պայքարը այդտեղ պետք է երեւա: Դպրոցի շահառուն պետք է տեսնի, որ այդտեղ բան է փոխվել, փոխվել է աշխատանքի որակը»: