«Հրապարակ»-ի տրամադրության տակ է հայտնվել Վանո Սիրադեղյանի՝ տարագրության մեջ գրված օրագրից մի անտիպ հատված, որն, ըստ ամենայնի, գրվել է վաղ 2000-ականներին՝ նոյեմբերի 7-15 -ը։

«Նոյեմբերի ինն է։ Էլի զուգադիպությո՞ւն։ Ցերեկը պառկեցի իմ ժամին․ թերթ կարդացի մի քիչ և մի կողմ դրի, արդեն 100 տոկոս էր, որ քնելու էի։ Թմբիրը՝ուղեղում, թմբիրը՝ ուղեղումս։ Ամենալավ նշանը՝ շուտ քուն մտնելը։ Բայց քանի որ ամեն անգամ, (ցերեկ լինի, թե գիշեր, միտքս զբաղեցնում եմ անցած մի բանով, ավելի լավ է ստացվում, եթե ֆիլմ եմ հիշում, կարևորը, որ չեզոք բան լինի) այս անգամ ընտրեցի հիշողությունը Բուտիրկայի մասին։ Անցել էր, ու հիվանդագին բան չկար դա հիշելու դրա մեջ։ Արդեն համարյա քնած՝ հիշեցի միակ բանաստեղծությունս Դվոյի ու Հայաստանի մասին գրած։ Հասկացա,որ Դվոյին էլ Խչոյի չափ սիրում էի․․․

Արթնացա, թե սթափվեցի միանգամից։ Վեր կացա, շուտ միացրի հեռուստացույցը՝ տասնամյակի սկզբի հանրահայտ երաժշտական խմբերից մեկի մասին էր, խոսեց Գիլանը, նա, որ Երևան էր եկել 89, թե՞ 90 թվին։ Տևեց երեսուն վայրկյան ամբողջ սյուժեն։ Այդպես էլ զարմացած գնացի խանութ՝ գրիչ առնելու։ Ահա ՛ այդ փափուկ գրիչը։ Ջահել ժամանակ ավելի լավ էր ստացվում քնելուց առաջ մտքում սյուժե պտտեցնելը։ Համ էլ մղձավանջի դեմն էի առնում։ Մի երկու տարի ծովի ալիքների պատկերը «աշխատեց», հետո մոռացվեց, թարմությունը կորցնելով՝ չաշխատեց․․․

․․․․ Տասնչորսը եղավ։ Երեկ հեռախոսով լսեցի տղիս ձայնը, յոթ ամսվա մեջ առաջին անգամ։ Երկու բաժակ օղի խմեցի, կուշտ կերա, և ևս մի ավելորդ անգամ պարզվեց՝ ինչ տհաճ է կուշտ ուտելը։ Խոսքն, անշուշտ, կիսաքաղց ապրելու մասին չէ, որ մի կուշտ փորով հաց ուտել է երազում։ Վտարանդի կյանքի առաջին ամիսներին թերթերում տպագրվող «բախտագուշակ» էի նայում։ Հետո տեսա՝ նյարդայնացնում է, թարգ տվի։ Բայց երեկ չէ առաջին օրը նայեցի։ Ահա թե ինչ է գրում նոյեմբերի 7-13-ի համար․ «Մերձավորագույն շրջապատում տեղի ունեցած փոփոխությունները պիտի շարունակություն ունենան տարվա ընթացքում (տղերքը համագումարի են պատրաստվում)։ Կարելի է ասել, որ կարևոր տեղ է ավարտվում Ձեր կյանքում, գուցեև՝ նրա համար, որ տեղը զիջվի նոր մարդկանց (կազմակերպության նոր ղեկավար է ընտրվելու) և տեղ բացվի նոր հնարավորությունների համար»։ Նախատեսվում են նոր արտահերթ ընտրություններ, դրանից բխող հետևանքներով։ Այդպիսի բաներ։․․․ »։

Շարունակելի