Նիկոլ Փաշինյանն Աստծո պարգեւ է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար, որովհետեւ շատ բարի է, շատ մարդասեր եւ շատ հետեւողական՝ իր քայլերի մեջ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ եթե մեկ ուրիշը լիներ նրա փոխարեն, շատ բաներ կարող էին այլ կերպ լինել։

Նրա այս կարծիքին հակադարձեց ասուլիսի մյուս բանախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ Հովիկ Աղազարյանը, որը արմատներով դաշնակցական է, մեծարում է մի մարդու՝ Տեր–Պետրոսյանի հոգեւոր զավակին, որը ժամանակին փակեց Դաշնակցությունը»։

Արամ Հարությունն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի մարտի մեկի քննությամբ զբաղվելու, քանի որ մեկուկես ամիս գտնվել է փախուստի մեջ, այնուհետեւ համաներմամբ ազատ արձակվել. «Ես, համենայնդեպս, չեմ փախել, պարոն Աղազարյան։ Ծեծել ջարդել են, հետո տարել են էդ նույն Շերիֆն ա ծեծել ջարդել, իսկ Ռոբերտ Քոչարյանի մեղքն այն է, որ ինքը ուշ մտցրեց արտակարգ իրավիճակ, եթե շուտ մտցներ, միգուցե այդ զոհերը չլինեին»։

Խոսելով կոնկրետ դատավարության մասին՝ նա ասաց, որ ակնհայտ է՝ դա քաղաքական պատվեր է. «Գաղտնալսումներից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի համար իդեա-ֆիքս է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը։ Էսօր վրա են տվել Քոչարյանի վրա նրանք, ովքեր Լեւոն–Տեր Պետրոսյանի, Վանո սիրադեղյանի կողմնակիցներն են»,–նշեց Հարությունյանը։