Սամվել Բաբայանի հայտարարությունները իրարանցում են առաջացրել Արցախի իշխանության շրջանում: Բաբայանը հայտարարել է, որ երբ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմից հետո հավաքել է Արցախի իշխանությանն ու ակտիվին ու հայտարարել տարածքային զիջումների մասին, եւ այն ժամանակ ոչ ոք ձայն չի հանել:

Ինքը Բաբայանը ներկա չի եղել այդ հանդիպումներին եւ հղում է արել երկու հոգու, որոնք էլ երեւի իրեն պատմել են մանրամասները: Մյուս կողմից, այդ հանդիպումների մասին Բաբայանի հայտարարությունները նորություն չեն, հայկական մամուլում ժամանակին գրվել է այդ մասին:

Արցախից արձագանքել են թե նրա նշած անձինք, թե նաեւ իշխանության ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրանք հայտարարել են անզիջում դիրքորոշման, պարտադրանքի բացակայության, տարածք խաղաղության կամ տարածք կարգավիճակի դիմաց սկզբունքների անընդունելի լինելու մասին:

Շատ լավ է, որ վերջապես հստակ դիրքորոշում է հնչում Արցախի իշխանությունից, որը վերջին երկու տասնամյակներին եղել է Հայաստանի իշխանության հլու ու անձայն կցորդը: Միեւնույն ժամանակ, հենց այս առումով այդ արձագանքները երկիմաստ են թվում, թե ինչու նախորդ երկու տասնամյակներում երբեւէ նման անզիջում հայտարարություններ չէին հնչում: Այն պայմաններում, երբ կար Քի Ուեսթը, մադրիդյան սկզբունքները, Կազանի պլանը եւ այլն:

Ի դեպ, Սամվել Բաբայանը չի նշել, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն առնվազն երկու հոգի կոշտ արձագանքել են նրա ներկայացրած տարբերակին եւ նույնիսկ լքել դահլիճը: Դա, ըստ ականատեսների, խիստ անհանգստացրել էր Աշոտ Ղուլյանին եւ հանդիպման այլ մասնակիցների:

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ նախորդ տասնամյակներում Արցախի իշխանությունը դիրքորոշում չէր հայտնում: Դա կապ ունի՞ Արցախի իշխանության ներկայիս վիճակի հետ, երբ Հայաստանում հեռացվել է նախորդ համակարգը, եւ ինքը հայտնվել է օդում, կանգնելով արտոնությունները կորցնելու վտանգի առաջ, հատկապես 2020-ի ընտրությունների համատեքստում, եւ օդում հայտնվելով՝ ստիպված է հրապարակային դիրքորոշում հայտնել: Բայց դա ի՞նչ իշխանություն է, որ պետք է օդում հայտնվեր՝ միակ ճիշտ դիրքորոշումը հայտնելու համար:

Ի դեպ, արժե Աշոտ Ղուլյանին հիշեցնել ապրիլյան պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի երկրորդ հայտարարության մասին, որը առաջին հայտարարության հապճեպ փոփոխված տարբերակն էր եւ որում նահանջ կար առաջին հայտարարության պահանջներից ու սկզբունքներից: Ո՞ւմ թելադրանքով էր արվել այդ փոփոխությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am