ԱԺ նախկին պատգամավոր, կալանավորված Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց: ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշակական կենտրոն՝ հետազոտության: Նրա խոսքով, փետրվարի 7-ին բժշկական կոնսիլիում է կայացել եւ նպատակահարմար են գտել տեղափոխել հիվանդանոց եւ հետազոտությունների շարք անցկացնել:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, իսկ 2019թ. հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։


ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: