Երեւանում փետրվարի 8-ին Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում կանխել են զինված բախում. հայտնում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին մի քանի օր պահել են տեսադաշտում եւ այսօր վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:

Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, ատրճանակ:

Վնասազերծված անձանց դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Նշված փաստով ստեղծվել է քննչական խումբ. քննիչները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019–ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, նրանցից մեկի մարմնի վրա եղել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգվել է բանտից: