Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության շահերին:


«Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան։ 20-րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք: Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»,- ասել է նախագահ Սարգսյանը::

Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու և մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում:

«Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչև այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը։ Երևանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը: Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»,-ասել է նա։

Երկրի ղեկավարի խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաև առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում: Սա մեծ ազդեցություն կունենա այդ ոլորտի աշխատանքի արդյունավետության վրա: Նույնը վերաբերում է նաև իրավունքի ոլորտին: «Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»:

Հաջորդը, որ կարևորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են: «Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն և վիրտուալ աշխարհ։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջև սահմանները վերանում են։ Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ: Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում»,-նշել է նա։

Ըստ աղբյուրի, Նախագահ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ 21-րդ դարում դասական ինստիտուտները, կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ռելևանտ են լինելու, քան ուղղակի մոտեցումը, գաղափարը, շարժումը, ներշնչանքն ու էներգիան:

«Փոքրը կարող է շատ հզոր լինել։ Այսուհետ փոքրը կարևոր է»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետևյալը՝ պետք չէ մտածել ինչ-որ մեկը դառնալու մասին: Նախ և առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ-որ տաղանդով: Մեկն ունի երաժշտության, մյուսը՝ մաթեմատիկայի, երրորդը՝ արհեստավորի տաղանդ , մյուսը՝ լսելու կամ խոսելու: Ուստի բացահայտիր ինքդ քեզ, և երբ դա անես, դու պետք է հասկանաս, թե որքան կարևոր է կրթությունը»:

Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին: «Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Նա հիշեցրել է՝ մարդկությունը հայտնաբերեց կրակը, որը դրական նվաճում էր, դրա միջոցով ուտելիք էինք պատրաստում, այն մեզ ջերմացնում էր, հանդիսանում զարգացման շարժիչը: Սակայն այդ նույն կրակը մարդկության կողմից օգտագործվեց ավերելու համար:

«Կամ մուրճը, որը ստեղծվեց տուն կառուցելու, որևէ օգտակար քայլ անելու համար, սակայն մեկ այլ տեսակի մուրճ օգտագործվեց սպանելու համար: Միջուկային էներգիան ստեղծվեց մեծ օգուտ ստանալու համար, սակայն, միևնույն ժամանակ, վերածվեց մեծ վտանգի: Այսինքն, խնդիրը տեխնոլոգիան, գործիքը չեն, խնդիրը մենք ենք և մեր արժեքները: Եթե դրանք ճիշտ արժեքներ են, մարդկային են, տանում են դեպի ապագա, ապա Աստված մեզ օրհնի: Սակայն եթե դրանք կործանող արժեքներ են, ապա՝ Աստված մեզ պահապան»։

Անդրադառնալով զարգացումներում Հայաստանի տեղին ու դերին՝ Արմեն Սարգսյանն ասել է.

«Հայաստանում ևս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում: Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը: Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է և ինտերակտիվ: Ուստի, մենք այս աշխարհում շատ լավ դիրք ունենք: Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին: Այստեղ կան մարդիկ, ովքեր ինժեներներ են, գիտականներ, ովքեր գիտեն Հայաստանում ու, դրանից դուրս, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուժը: Ձեզնից շատերը չեն ծնվել Հայաստանում, սակայն եկել են այստեղ ու ստեղծել շատ արժեքավոր բաներ: Նոր աշխարհում չեն կառավարելու բնական պաշարների, մեծ ինդուստրիալ հոսքերի հարստությամբ: Ես կանխատեսում եմ, որ 10 կամ գուցե և 5 տարի հետո մենք կփոխարինենք Ֆորդի հայտնագործությունը, քանի որ հաջորդ մեքենաները կհավաքվեն առևտրի կենտրոնում՝ 3D գործիքով: Մեքենայի ստեղծումը կդառնա նոու հաու, դրա համար մեծ կազմակերպությունների կարիք չի լինի: Հայաստանն ու հայերն այստեղ փոքր առավելություն ունեն։

Մենք ունենք ողջ մնալու այս ֆանտաստիկ որակը, ինչը և կարևոր է 21-րդ դարի նոր աշխարհում: Դու պետք է լինես մեկը, ով կարող է շատ արագ ադապտացվել, ընդունել ճիշտ որոշում: Մենք կարող ենք անել դա: Նոր աշխարհը նաև մեր աշխարհն է: Ուստի ուզում եմ ասել երիտասարդներին՝ դուք նոր աշխարհի զավակներն եք: Եվ երբ ես ասում եմ նոր Հայաստան կամ նոր հայեր, նկատի ունեմ, որ մենք նոր աշխարհում կարևոր տեղ ունենք: Մենք պետք է կառավարենք մեր երկիրը՝ որպես 21-րդ դարի առաջադեմ ու հզոր երկիր»։