Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն, ամփոփելով Իրան կատարած իր այցը, նշել է, որ քննարկումների ժամանակ իրանցիներին հետաքրքրել ու նաեւ զարմացրել էր, որ Հայաստանում քննարկում են հողեր հանձնելու հարցը:

Իրանցիների շահագրգռությունը հասկանալի է՝ նախկինում մերձկասպյան թուրքերի հսկողության տակ գտնվող Իրանի հետ սահմանի 100 կմ-ից ավելի հատվածը ներկայում անցել է հայկական բանակի հսկողության տակ, ինչը Իրանի անվտանգության համար կարեւոր հանգամանք է: Բացի այդ, այսպես կոչված հակամարտության գոտում չկան երրորդ երկրների զինված ուժեր, ինչը Իրանի համար նույնպես խիստ կարեւոր հանգամանք է:

Պետք է ասել, որ միայն իրանցիները չէ, որ զարմացած են Հայաստանում հողեր հանձնելու քննարկումներից: Այստեղ կա մի կարեւոր հանգամանք՝ արտերկրում ծանոթանում են նման հրապարակումներին ու արդեն չեն տարբերակում՝ ինչ շարժառիթ ունեն նման քննարկումները, ովքեր եւ ինչ նպատակով են դա անում: Դա նրանց հետաքրքիր չէ, արձանագրվում է այն, որ հայերը քննարկում են հողեր հանձնելու հարց:

Եվ խոշոր հաշվով իսկապես հետաքրքիր չէ: Փաստն այն է, որ հայկական քաղաքական-փորձագիտական-վերլուծաբանական շրջանակներում արդեն երկու տասնամյակ խնդիրը քննարկվում է միայն այդ կտրվածքով: Դա իսկապես ապշելու բան է, թեեւ հնարավոր են տարբեր բացատրություններ: Մինչ այժմ քիչ թե շատ ձեւակերպված է հենց այդ հայեցակարգը, որը կարելի է անվանել Տեր-Պետրոսյանի հայեցակարգ, որը հանգում է ոտքերը վերմակի չափով մեկնելու գետտոյական գոյատեւման փիլիսոփայությանը:

Դրանից դուրս քաղաքական-քաղաքագիտական շրջանակները չեն ձեւակերպել որեւէ այլ հայեցակարգ, մոտեցումների համալիր, որը կհանգեր ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտություն պարզունակ իրավիճակին, այլ առավել խորքային խնդիրների, որոնք վերաբերվում են քաղաքական ազգի՝ իր համար կենսական տարածքների ապահովման եւ դրանք պաշտպանելու անհրաժեշտությանը:

Արցախյան առաջին պատերազմը կոտրեց ռեգիոնի ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս քվոն: Արցախը Ադրբեջանից չէ, որ անջատվել է, Արցախն Ադրբեջանի կազմում չի էլ եղել, Ադրբեջանը շատ մանր հարց է այն խորքային իրավիճակի համեմատ, որը ձեւավորվել է պատերազմի արդյունքում: Հետպատերազմյա այս երկու տասնամյակներին ռուս-թուրքական տանդեմի քաղաքականության ողջ իմաստը, այդ թվում Սիրիայում, ուղղված է այդ թվում հին ստատուս-քվոն վերականգնելուն:

Հողեր հանձնելու հայկական «քննարկումները» ոչ այլ ինչ են, քան ռուս-թուրքական այդ քաղաքականության կամա թե ակամա սպասարկում: Այս համատեքստում է օրինակ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հարցում այդ շրջանակների բարձրացրած աղմուկը:

Աշխարհը, մասնավորապես ռուս-թուրքական տանդեմը, շատ լավ գիտե արցախյան պատերազմում հայկական հաղթանակի արժեքն ու քաղաքական-քաղաքակրթական ներուժը: Ոմանք դա փորձում են անտեսել, ոմանք՝ հետ պտտել, եւ դա բնական է: Խնդիրը հետեւյալն է՝ մենք ընկալո՞ւմ ենք մեր իրավունքի ուժն ու հնարավորությունները:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am