ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց թիմին ուղղված ելույթին. «Վարչապետի ելույթը ցուցանիշ էր այն բանի, որ քննադատություն լսելու լուրջ պրոբլեմ կա կառավարության ղեկավարի մոտ ու նա իր ելույթում մեզ վերագրեց թեզեր, որը չենք ասել: Զարմացած չենք, բայց զարմացած ենք, որ իշխանությունը կարող է այդքան անհանդուրժող լինել, ավելին, երբ խոսում էինք ձեռ առնելու մասին, երբ առաջին օրը պարոն վարչապետն ասում էր տիկին Գրիգորյանին, որ լավ տեսք ունեք ու այսօր շարունակեց թեման, կարծում եմ՝ պետք ա ներողություն խնդրի նրանից ու ընդհանրապես, ինչ է նշանակում՝ ընդդիմության վրա գոռալ, ճվալ: Դուք մեզ չեք կարող ասել՝ ինչ ասեք, ինչ չասենք»:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը երեկ ԱԺ նիստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչների անվտանգության խնդրին, ասել էր. «Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի, և՛ Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել»: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կատակել էր. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»: