Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով փետրվարի 14-ին հյուրընկալվել է համալսարանում։

Ինչպես տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, կարևորելով ուսանող և ապագա ճարտարապետ, շինարար և գլխավոր ճարտարապետ անմիջական շփումը ապագա մասնագետների մտածողության ձևավորման հարցում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորը պայմանավորվածություն են ձեռք բերել գլխավոր ճարտարապետի հետ ուսանողների հանդիպումը դարձնել պարբերական։

Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի կառուցապատման, կայանատեղերի, ավտոճանապարհների բեռնաթափման և քաղաքաշինական այլ հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Համալսարանի ուսանողները բաց չեն թողել հնարավորությունը ճշտելու՝ գլխավոր ճարտարապետը կվերադառնա՞ երգին, թե ոչ։ «Այդ էջը փակված է», – ասել է Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ինքը ճարտարապետ է և հասուն տարիքում մտադիր չէ բեմ վերադառնալ:

Բարձր գնահատելով ուսանողների ներուժը՝ գլխավոր ճարտարապետն առաջարկել է ուսանողներին նախագծեր անել ոչ թե վերացական, այլ կոնկրետ տեղանքների համար, որպեսզի հետագայում դրանցից լավագույները հնարավոր լինի կյանքի կոչել։