«168 ժամ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հաճախ էր անդրադառնում այս բացահայտմանը եւ հայրենակիցներին խոստանում, որ զինվորի հաց գողացող որեւէ մեկը չի մնա անպատիժ:


Իհարկե, վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին նախկին իշխանություններից մի քանի նշանակումներ կառավարության կազմում՝ Հունան Պողոսյան, Վալերի Օսիպյան, որոնք ըստ էության հակասության մեջ դրեցին վարչապետին՝ իր ասած եւ գործած քայլերի մեջ, բայց դա աննկատ մնաց:

Հանրությունն այդպես էլ հարցադրում չարեց, ինչո՞ւ նորից նշանակել անձանց, որոնք ժամանակին պաշտոնական դիրքից ելնելով՝ անուղղակիորեն պատասխանատվություն ունեին զինվոր հաց գողանալը կանխելու կամ գողացողին պատժելու հարցում եւ այդ լիազորությություններից չեն օգտվել:

Հասարակությունն էլ այս պահանջը չդրեց կառավարման եկածների առաջ ու չկանխեց ավելի սկանդալային մի նշանակում, որն օրերս արվել է արտակարգ իրավիճակների ոլորտում:

ԱԻՆ պաշտոնական կայքի «նախարարի հրամաններ» բաժնում վերջին հայտարարությունն անցած տարի նոյեմբերի 5-ի հրամանի մասին է: Մինչդեռ 168 ժամ»-ի տեղեկություններով՝ եղել են մի շարք հրամաններ, եւ կայքում չհրապարակվածների մեջ հատկապես մեկը խիստ ուշագրավ է:

Փետրվարի սկզբին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կարապետ Մարգարյանին նշանակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Կարապետ Մարգարյանն ունի դատվածություն, ժամանակին նա զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է եղել, 2010թ. ապրիլի 6-ից մինչեւ 2013թ. oգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում նա իրեն իրավունք է վերապահել հանձնարարել ոմանց, որպեսզի Պաշտպանության նախարարության կողմից զորամասին հատկացված եւ զորամասի կարիքների համար պահպանվող ընդհանուր առմամբ 1.656 միլիոն ՀՀ դրամի դիզվառելիքը դուրս գրեն, ինչպես նաեւ՝ 8.137 միլիոն ՀՀ դրամի ռեգուլյար տեսակի ավտոբենզինը, եւ վատնել է սեփական կարիքների համար:

ՊՆ-ի գույքը մսխելու եւ նախարարությանը պատճառած առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն 793 հազար դրամ նյութական վնասի համար 2015 թվականի նոյեմբերի 3-ին Երեւանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Կարապետ Մարգարյանին դատապարտել է ազատազրկման՝ հինգ ու կես տարի ժամեկտով, սակայն նշանակած պատիժը նախկին հրամանատարի նկատմամբ չի կիրառվել պայմանականորեն եւ սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, ընդ որում՝ պատիժը հրամանատարի նկատմամբ ճանաչվել է առանց գույքի բռնագանձման, ինչը խիստ հազվադեպ երեւույթ է պետության միջոցների այս չափերի յուրացման դեպքերում:

Նկատենք, այն պահին, երբ Կարապետ Մարգարյանը յուրացնում էր պետության միջոցները, Ֆելիքս Ցոլակյանը զբաղված էր ազգային անվտանգության հարցերով: Հետեւապես զինվորի հացը գողացած եւ դեռեւս դատվածության մեջ գտնվող անձի կենսագրությունը չէր կարող վրիպել Ազգային անվտանգության ծառայության երկարամյա եւ փորձառու աշխատակցի աչքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում