ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր է համարում պարգեւավճարների շուրջ բարձրացված աղմուկը. «Ես այս ողջ քննարկումը կարեւոր եմ համարում, որ մենք այսօր հասել ենք պետական կառավարման համակարգի թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, եւ դա մեզ հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ «ափալ-թափալ» քննարկում ունենալ եւ հասնել բալանսավորված որոշումների»,- այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում ասաց վարչապետը:

Նա նշեց, որ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքում փոփոխությունների որակը,արդյունավետությունը եւ արագությունը:


«Կարող ենք գերանդին առնել եւ ամբողջ պետական համակարգը աջ-ձախ մի քայլ հնձել, բայց դրա արդյունքով կառաջանան հետեւանքներ, որոնք տասնյակ տարիներում հնարավոր չի լինի կարգավորել: Պետական կառավարման համակարգը զգայուն է մարդու օրգանիզմի համար եւ ոչ ճիշտ լուծումներ նշանակելը մահացու հետեւանքների կարող է բերել»,- ասաց նա: