Մի քանի աղմկահարույց քրեական գործերով մեղադրյալները հետախուզման մեջ են՝ մասնավորպես Արա Մինասյանը, Արամ Հարությունյանը, Լևոն Սարգսյանը, Դուք տեղեկություններ ունե՞ք՝ նրանք սահմանային անցակետերը հատե՞լ են, թե՞ ոչ, լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարցրեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

«Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել, իսկ

Արա Մինասյանը և Լևոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ պետական սահմանը: Այն ժամանակ իրենց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել և ես, որպես ԱԱԾ ղեկավար, որն ի պաշտոնե պատասխանատու է նաև սահմանագետների աշխատանքների հետ կապված, որևէ լիազորություն չունեի քաղաքացու ազատ տեղաշարժվելու սահմանդրական իրավունքը խոչընդոտելու»,- պատասխանեց Վանեցյանը:

Նա հայտնեց, որ ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է այժմ գտնվում Լևոն Սարգսյանը, բայց նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ։ «Արաբական երկրից մեկում է գտնվում։ Գիտենք` մարդը ապրում է այսինչ երկրում, այսինչ հասցեում»:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ քաղաքացիների արտահանձնումը բարդ ընթացակարգ է։ Դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց իրավապահներն այդ ուղղությամբ աշխատում են։