Այսօր մեր դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են, փետրվարի 23-ին Երեւանում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, հիշեցնելով, որ հայերը մեծ դեր են ունեցել Ռուսաստանի զինված ուժերի կայացման գործում:

Ռուսները այնքան էլ չեն սիրում հաճախ ընդունել հայերի դերը թե ռուսական զինված ուժերի, թե ընդհանրապես ռուսական պետության ձեւավորման ու կայացման գործում: Ի՞նչ է եղել, որ ՌԴ դեսպանը հիշում է դա: Նշանակում է, որ կարիքը կա՝ հայերի, ոչ թե հայկական ազգանունների, որ ներկայում ռուսական պրոպագանդայի առաջնագծում են՝ այդ թվում Հայաստանի դեմ:

Եթե կարիք չլիներ, Ռուսաստանի դեսպանը կամ Ռուսաստանը չէին հիշի հայերի պատմական դերն իրենց կյանքում: Թե՞ այդ հիշողությունը «փափուկ ուժի» այն մարտավարությունն է, որի մասին խոսում էր դեսպան Կոպիրկինը Հայաստանում ամիսներ առաջ իր դիվանագիտական առաքելությունը սկսելիս: «Փափուկ ուժ», որով փորձ է արվում հայերին հիշեցնելով իրենց դերը եւ առերեւույթ մեծարելով, «մոռացնել տալ» Ռուսաստանի պատմական դերը հայերի կյանքում, որն արժեցել է տարածքային կորուստներ եւ ցեղասպանություն: Արդյոք ՌԴ դեսպանը «փափուկ ուժով» փորձում է հայերի հիշողությունից դուրս հանել հայկական պատմության մեջ ռուսական պետության արյունախառն դերը, այդ հիշողության փոխարեն փորձելով հայկական գիտակցության մեջ դնել Ռուսաստանի գնահատականից առաջացած խայտանքը, խաղալով հայկական սնապարծության նուրբ լարերի վրա:

Դեսպանը պատրա՞ստ է խոսել հայերի պատմության մեջ Ռուսաստանի դերի մասին, երբ օրինակ հայտարարում է, որ «այսօր մեր դաշնակցային հարաբերությունները մեր երկրների եւ տարածաշրջանի անվտանգության երաշխիք են»:

Կարո՞ղ են լինել երաշխիք, անխոս, բայց այն դեպքում, երբ Ռուսաստանն ունենա իր պատմական դերը ճանաչելու համարձակություն, սկզբի համար թեկուզ մեդիա-փորձագիտական մակարդակում, որ մակարդակում որ պարբերաբար գրոհի են ենթարկում Հայաստանը:

Կարո՞ղ է Մոսկվան ճանաչել իր պատմական դերը 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի համատեքստում, թե՞ ճանաչի եւ Թուրքիայի հետ պայմանագրերի հոբելյանները փչացնի, որ ի՞նչ անի:

Մինչդեռ, հենց այդ ճանաչումը կարող է լինել երաշխիք, որ Ռուսաստանն իրապես ռազմավարական առումով գիտակցում է իր քաղաքականության սխալները եւ անկեղծորեն համարում, որ Կովկասում Հայաստանի անվտանգությունն ու շահը պաշտպանելով է հնարավոր պաշտպանել Ռուսաստանի անվտանգությունն ու շահը:

Պատրա՞ստ է դրան Ռուսաստանը, թե՞ դեսպանը հայտարարեց եւ հետո կստուգի, թե արդյոք ստացվեց «փափուկ ուժով» փափուկ բարձ դնել հայերի գլխի տակ, որպեսզի զեկուցագիր ուղղվի Մոսկվա՝ «բարձեր ուղարկեք, ՍՈՒ-երի փոխարեն, բարձեր»:

Այն, որ հայկական զինուժը ապրիլյան քառօրյայի ընթացքում եւ ընդհանրապես արդեն մոտ երեք տասնամյակ պահում է ոչ միայն Հայաստանն ու ռեգիոնը, ընդ որում Ռուսաստանից սնուցվող թուրք-ադրբեջանական նկրտումներից, այլ նաեւ փրկում Ռուսաստանին, ակնառու է: Իհարկե, Ռուսաստանը փրկվում է անուղղակի, այսինքն հայկական զինուժի նպատակների շարքում դա չկա՝ նպատակը հայկական պետականությունը պահելն է: Պարզապես Ռուսաստանում կա թերեւս մտայնություն, թե ուրիշ ինչ պետք է անեն հայերը, եթե չփրկեն իրենց:

Բայց այդ հարցի պատասխանը տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը, հոկտեմբերին Երեւանում սպառազինություն առաջարկելով Հայաստանին: Հայերն ունեն անելու բան, իսկ ահա ինչ պետք է անեն ռուսները՝ եթե հայերը որոշեն այս անգամ չփրկել: Դա լրջագույն հարց է, եւ ռուսական ներքաղաքական իսթեբլիշմենտում թերեւս լուրջ քննարկումների առարկա, ինչով էլ գուցե պայմանավորված է պարբերական հիստերիան Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հանդեպ, որի նպատակը Հայաստանում խուճապն է եւ հայերին արդարանալու մղելը:

Բայց առայժմ արդարացում չկա, գուցե դրա՞ համար է Ռուսաստանի դեսպանը որոշել խաղալ սնապարծության վրա, երբ վախի վրա խաղալը չստացվեց:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am