Հայաստանի նախագահի նստավայրը տեղեկություն է տարածել, որ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 26-ին Երեւան կժամանի ֆրանսիական հեղինակավոր THALES ընկերության պատվիրակությունը: Պատվիրակությունը Երեւանում կհանդիպի նախագահ Սարգսյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, կլինի Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերություններում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերության տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարին Արմեն Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Այցի նպատակը Հայաստանի տեխնոլոգիական հանրույթի հետ գործակցության շրջանակներ ու հեռանկարներ հաստատելուն ուղղված ջանքն է:

Հատկանշական է, որ ֆրանսիական հեղինակավոր ընկերությունը մասնագիտացած է ավիատիեզերական, պաշտպանական տեխնոլոգիաների արտադրության ոլորտում: Այլ կերպ ասած, ընկերությունը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն զուտ որպես տնտեսական խոշորագույն գործընկեր, այլ նաեւ ոլորտային առումով, հաշվի առնելով Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի հաստատման եւ ընդլայնման պետական նպատակներն ու նաեւ մտավոր ռեսուրսները:

Ինչ կստացվի այցից, ու ինչ պայմանավորվածություն կհաջողվի ձեռք բերել գործակցությունն առարկայացնելու համար, կախված է նրանից, թե ֆրանսիական ընկերության պատվիրակությունն ինչ հետաքրքիր առաջարկ կստանա Հայաստանում:

Ընդհանուր առմամբ, ինքնին հետաքրքիր է նաեւ գործընթացը, որ ձեւավորվում է նախագահ Սարգսյանի շուրջ: Գործնականում, Արմեն Սարգսյանն իր վրա է վերցրել տնտեսական հեղափոխության մի առանձնակի բաժին, եւ հետեւելով վարչապետի կոչին, «վեր է կացել ու քայլում է», փորձելով Հայաստանի համար տնտեսական հեղափոխություն իրականացնել արտաքին կապերի, արտաքին տնտեսական շրջանակների ընդլայնման միջոցով, ձգտելով Հայաստան ներգրավել հեղինակավոր խոշոր խաղացողների, դրանից բխող թե տնտեսական, թե աշխարհքաղաքական էֆեկտով:

Այն, որ Արմեն Սարգսյանն ունի այդ հեղափոխության, կամ հեղափոխության այդ բաժինն առաջ տանելու ներուժը, աներկբա է:

Միաժամանակ, նկատելի է նաեւ, որ այդ հանգամանքը տարբեր կերպ է ընկալվում Հայաստանում: Օրինակ, մամուլում տեղեկություն է հրապարակվում, որ կառավարությունն այդքան էլ ոգեւորված չէ Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերով:

Նախագահ Սարգսյանի եւ կառավարության, մասնավորապես վարչապետի միջեւ ինտրիգը փորձ է արվում խորացնել քաղաքական ընդդիմախոսների շրջանակում, հատկապես նախկին իշխող համակարգից: Արմեն Սարգսյանի վարքագիծը հուշում է, որ նա արձանագրել է խնդիրը եւ ինտրիգի փորձերը, այդպիսով ձգտելով չտալ դրանց որեւէ լուրջ եւ ծանրակշիռ առիթ: Այդ համատեքստում ակնառու է նաեւ, որ Սարգսյանը գրեթե կատարելապես հեռու է մնում քաղաքական հավակնության առնչությամբ կասկածի կամ խոսակցության տեղիք տալու գործողությունից, եւ ավելին՝ աշխատում փաստորեն տնտեսական հեղափոխության արտաքին բաղադրիչի ուղղությամբ:

Գործնականում, նրան հաջողվել է մտնել գործունեության մի ռեժիմի մեջ, որը տալիս է ոչ թե կառավարության հետ մրցակցության, առավել եւս հակադրության, այլ գործնականում փոխլրացման եզրակացության մասին հիմքեր: Ընդ որում, տվյալ պարագայում խոսքը միայն տնտեսական ուղղությունների մասին չէ, այլ նաեւ քաղաքական եւ ռազմա-քաղաքական, ինչի վկայությունը նրա մասնակցությունն էր Մյունխենի անվտանգության հեղինակավոր համաժողովում եւ նաեւ դրա շրջանակում հայտնի դարձած ճեպազրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ, նոր նախագահի հնարավոր թեկնածու Ջո Բայդենի հետ: Եվ դա հատկապես հաշվի առնելով այն դերակատարումն ու փաստացի ներգրավվածությունը, որ Բայդենն ի պաշտոնե ունեցել է Հայաստանի համար մի շարք առումներով ճակատագրական 2016 թվականի քաղաքական իրադարձությունների արտաքին ասպեկտում:

Այլ հարց է իհարկե, թե արդյոք Սարգսյանը կունենա դրսեւորվող քաղաքական հավակնություն նախագահի պաշտոնից հետո: Սակայն անգամ այդ իմաստով, նրա գործունեությունն իր գերակա վեկտորներով խոշոր հաշվով շահեկան է Հայաստանում ընդհանրապես արդիական քաղաքական հավակնություն ունեցող բոլոր սուբյեկտների համար, քաղաքական նոր համակարգի եւ մրցակցության ձեւավորման տեսանկյունից նպաստավոր տնտեսական բազա ձեւավորելու առումով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am