«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Սա գործադիր-օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հերթական հանդիպումն է:

Ընդ որում, հատկանշական է այն փաստը, որ այս հանդիպմանը հնարավոր է ներկա չգտնվեն «Իմ քայլի» առանցքային դեմքերը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով փետրվարի 25-ից 27-ը մեկնել է Մոսկվա:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա այս շաբաթվա միակ հանդիպումը չի լինելու։ Մինչեւ շաբաթվա վերջ խմբակցությունը ծրագրում է հանդիպել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։

Պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, թե հատկապես սպասում էին ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանը, չնայած այն վարչապետին կից կառույց է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում