Իրանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ բնականաբար, մենք հետեւում ենք Իրանի շուրջ բոլոր իրադարձություններին։ Այս մասին ԻՐՆԱ տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի կառավարության դիրքորոշումը Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հարցում։

Փաշինյանի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանն առաջին երկրներից էր, որը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանը ղեկավարվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ կբացվեն տարածաշրջանային կայունության եւ տարածաշրջանային համագործակցության առումով։


«Բնական է, որ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները հուզում են նաեւ մեզ։ Այս պայմաններում Հայաստանը շարունակում է աշխատել համակարգված, վարել բաց երկխոսություն թե՛ իրանական կողմի, թե՛ գործընթացում ներգրավված բոլոր մյուս կողմերի հետ։ Մենք հստակ պատկերացնում ենք մեզ հուզող խնդիրները, մեր մտահոգությունը եւ մեր դիրքորոշումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դառնալ դրական գործոն ծագած խնդիրների լուծումները որոնելիս»։