21-րդ դարի մշակութային մաքրման ամենանշանակալի արշավը, հավանաբար, կգրանցվի ոչ թե Սիրիայում, այլ շատ ավելի պակաս անտեսված տարածքում՝ Անդրկովկասյան բարձրավանդակում, գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում է պարբերականը, համաձայն փետրվարին հրապարակված Hyperallergic մշակութային ամսագրի զեկույցի տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «մաքրմամբ»:


Զեկույցի հեղինակներ Սայմոն Մաղաքյանն ու Սառա Փիքմանը նշում են, որ մշակութային եւ կրոնական արտեֆակտների այդ ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի պայթեցմանը:

Մաղաքյանը, որը դասավանդում է քաղաքագիտություն Դենվերում, անվանում է դա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանություն»:

Նա մեծացել է՝ լսելով պատմություններ իր հոր մասին, որն այցելում էր հիանալի եւ առեղծվածային տեղանքը՝ Ջուլֆա անունով:

Նախիջեւանի տարածքում, Արաքս գետի ափին գտնվող այդ տեղանքը միջնադարյան դամբարանատեղի էր՝ աշխարհում ամենախոշոր հայկական գերեզմանատունը: Այդ վայրն այցելող ճանապարհորդները՝ սկսած ճիզվիտ վանական Ալեքսանդր դե Ռոդից մինչեւ բրիտանացի դիվանագետ եւ գրականագետ Ուիլյամ Օուսլին, վկայում էին այդ տեղանքի արժեքի մասին: Դամբարանատեղիում կար 10 000 խաչքար՝ 6-րդ դարի ժամանակաշրջանին պատկանող: Համաձայն հայկական ավանդույթների՝ վարդագույն-կարմրավուն կամ դեղին խաչքարերի վրա պատկերված են խորհրդանիշեր եւ պատկերներ, որոնք վերածում են խաչքարերը բարձրագույն մակարդակի մշակութային կոթողների:

«1920 թվականին, երբ Խորհրդային Միությունը հռչակեց Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար հանրապետություններ, տասնամյակներ շարունակ թալանի հետեւանքով պահպանվել են շուրջ 3 000 խաչքարեր: Իսկ վանդալիզմի գործողությունները հանգեցրել են նրան, որ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարգադրել էր պահպանել մշակութային այդ հուշարձանները»,-գրում է պարբերականը: