Հաղորդավար Վրույր Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ, հայտնում եմ Ձեզ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու իմ որոշման մասին։ Թեկնածությունս առաջադրելու փաստաթղթերն արդեն ներկայացրել եմ:

Մոտ 15 տարի ներգրավված լինելով լրագրողական աշխատանքում, հարստանալով հայաստանյան և միջազգային հեղինակավոր լրագրողական դպրոցների մասնագիտական գիտելիքներով, աշխատելով ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրի մի քանի առաջատար լրատվամիջոցներում, ստանալով մեծաթիվ ընկերներիս և գործընկերներիս առաջարկը՝ որոշում կայացրի մասնակցել մրցույթին: Ցանկությունս շատ մեծ է տարիների ընթացքում կուտակած մասնագիտական գիտելիքներս, փորձս, կազմակերպչական աշխատանքում ձեռք բերած հմտություններս ծառայեցնել իմ հայրենիքին և հատկապես` իմ սիրելի լրատվամիջոցի հետագա զարգացմանը: Հպարտ եմ, որ իմ մասնագիտական գործունեության կարևորագույն և բեկումնային փուլերից մեկն անմիջականորեն կապված է Հայաստանի հանրային ռադիոյի հետ:

Խորապես գիտակցում եմ որոշմանս պատասխանատվության աստիճանը, և պատրաստ եմ ամբողջ եռանդով, ունեցած կապերով ու հնարավորություններով Հանրային ռադիոն դարձնել նոր շնչով, նորարարական ծրագրերով և միջազգային գործակցության լայն շրջանակով գործող լրատվամիջոց՝ պահպանելով ավանդականի, ազգայինի, բարձրարժեք մշակութային ժառանգության հանրահռչակողն ու զարգացնողը: Որոշումս երկար մտածված էր և մանրամասն քննարկված: Բոլորիդ քաջալերումն ու աջակցությունն ինձ համար հիմա ամենակարևորը կլինի:

Շնորհակալություն: #PublicRadioofArmenia