Երեւանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ «Վանդալիզմ» գրառմամբ. Նրանք բողոքում են Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ:

Նրանք շենքը շրջապատող ցանկապատի վրա փակցրեցին «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ: Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրենք շարունակելու են հետեւել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:


Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

Շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:

«Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:

2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:

Ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: