Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր նրանք որոնք Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,-նշել է վարչապետը:


Նշենք, որ կեսգիշերին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա նաեւ հայտարարել է, որ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Ավելի ուշ՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել:

Կատարվածին անդրադարձել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ Մալյանի դեմ հարձակումը քրեական օրենսգրքով արգելված արարք։

«Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ եւ օրենքի սահմաններում խիստ։

Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետեւանքները կլինեն անկանխատեսելի»,–գրել է նա։