Տարվա ընթաքցում հանդիպումներ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ նոր հանդիպումներ նախատեսվում են:

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցը Երեւան եւ իմ այցը՝ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին քննարկվում են ժամկետները:


Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այցերի ժամկետների հարցը.

«Ես հեռախոսով խոսել եմ ՌԴ նախագահի հետ, մենք խոսակցության ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են: Բացի այդ հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, նաեւ վարչապետ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւի հետ: Ապրիլի 29-ին Երեւանում կկայանա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը, եւ բոլոր վարչապետները, այդ թվում Դմիտրի Անատոլիեւիչը, կժամանեն Երեւան»: