Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի առաջամարտիկ Սոլովյովը անդրադարձել է երեւանցի երգիչ Ռուբեն Հախվերդյանի աղմկոտ հայտարարությանը, նաեւ դրան հաջորդած պարզաբանումներին, «տարակուսելով», թե «ինչպես կարելի է այդպես դավաճանել իրենց ազատ ապրելու իրավունքի համար, ստրկության դեմ կռված մարդկանց»:

Արցախցիների հանդեպ Սոլովյովի հոգատարությունն ու մտածմունքը ուղղակի հուզիչ է: Միայն թե հուզմունքից առաջ կամ հետո հարց է առաջանում, թե ու՞ր էր այդ հոգատարությունն ասենք 2017 թվականին, երբ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Սոլովյովը Երեւան էր Ժամանել Դիմա Կիսլիի՝ Կիսելյովի հետ եւ փորձում էր համոզել հայերին, որ լավ է, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ այդպես կարողանում է նաեւ վերահսկել Բաքվին:


Սոլովյովն ու Կիսելյովը դա ասում էին բոլորի աչքի առաջ` ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ ոչ միայն միլիարդավոր դոլարների սպառազինություն էր վաճառվել Ադրբեջանին, այլ քաղաքական իմաստով տրվել էր այն Արցախի եւ Հայաստանի դեմ կիրառելու հնարավորությունն ու իրավունքը:

Ու՞ր էր արցախցիների հանդեպ նրա հոգատարությունն ու մտահոգությունն այդ ժամանակ, երբ ապրիլյան մահաբեր քառօրյայից մոտ մեկ տարի անց Սոլովյովը հավաստիացնում էր արցախցիներին, որ լավ է, երբ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Դա ասվում էր այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը հարյուրից ավելի կյանքի գնով են զսպել եւ հետ մղել Ռուսաստանի «կառավարած» Ադրբեջանի գրոհն Արցախի դեմ:

Հիմա Սոլովյովին հանկարծ անհանգստացրել է Հախվերդյանի խոսքը, որին նա փաստորեն տալիս է այսպես ասած քաղաքական աստառ, ակնարկելով, որ տեղի ունեցողը Հայաստանում տրենդ է, ոչ թե ինչ որ մարդու կարծիք, որը, ի դեպ, արտահայտվել է նաեւ տարբեր այլ առիթներով, տարիներ առաջ:

«Ինձ համար մեկ է՝ ձեզ մոտ ինչ քաղաքական իրավիճակ է և ում եք դուք ատում, ինչու և ինչպես, բայց մի՞թե կարելի է բազմաչարչար ժողովրդի պատմությունն այսպես դավաճանել: Ախր սա ամբողջովին ուկրաինական սցենար է: Սրանք ձեզ համար միանգամայն օտար տեխնոլոգիաներ են», ասում է Սոլովյովը, փաստացի բացահայտելով իր «մտահոգության» իրական երեսը: Նրա մտահոգությունը Արցախը չէ, այլ Հայաստանում իշխած նրա ընկերները, նրանց ռուսական կապերը, նաեւ նրանց միջոցով Հայաստանում արտահայտված եւ սպասարկված ռուսական ինչ-ինչ շահերը, որոնք չեզոքանում են թավշյա հեղափոխության արդյունքում:

Ներկայում տեղի է ունենում դրանք «փրկելու», նաեւ դրանց միջոցով Ռուսաստանում սեփական խնդիրներում «փրկվելու» գործընթաց, իբրեւ թե Արցախի համար մտահոգությամբ, իսկ իրականում՝ Արցախի ու Հայաստանի դեմ, Արցախում Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ անվստահություն ու կասկած առաջացնելու անթաքույց եւ անամոթ ձգտումով, այս անգամ էլ զենք մատակարարելով Ադրբեջան, պարզապես քաղաքական-քարոզչական զենք, որի կարիքը Բաքուն ներկայում շատ ունի՝ Հայաստանում հեղափոխությունից հետո ունեցած քաղաքական անհարմարությունները հաղթահարելու համար:

Սոլովյովը դեռ Ռուբեն Հախվերդյանի հայտնի հայտարարությունից առաջ էր ձեռնամուխ եղել այդ ստոր խաղին, իր ռադիոհաղորդման հյուր հրավիրելով նախկին ոմն սենատոր Սեմյոն Բաղդասարովի եւ նրա հետ եթերում խոսելով այն մասին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում իբրեւ թե խտրականություն կա արցախցիների հանդեպ:

Թե որտեղից է սերում քարոզչական այդ «թեզը» Սոլովյովի հաղորդումներում, հնարավոր է թերեւս գուշակել: Բանն այն է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ գտնվող շրջանակը որպես պաշտպանական մարտավարություն որդեգրել է Հայաստանում իրենց իշխանությունից զրկվելը Արցախի համար վտանգ ներկայացնելու մարտավարությունը: Դրա այսպես ասած ներքին փորձերը չտվեցին որեւէ օգուտ, եւ հիմա հնարավոր է փորձ է արվում փորձել դա ռուսական խողովակներով, հավանաբար ակնկալելով, թե գոնե դրանք ազդեցիկ կլինեն արցախցիների համար՝ արցախցիները չեն հավատում հայաստանյան աղբյուրներին, գոնե ռուսականներին կհավատան:

Կարդարանա՞ն այդ հաշվարկները: Հազիվ թե, այն էլ քառօրյա պատերազմ տեսած արցախցիների պարագայում, որոնց փորձում են մոլորեցնել ամենապարզունակ պրոպագանդիստական ստորությամբ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am