Արտերկրից նոր վերադարձած «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը («Պալաչ») լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հասցեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հնչած մեղադրանքները կեղծ են և որ մեղադրանքները հնչեցնողներից մեկն իր ընկերության նախկին տնօրեն Արթուր Դալլաքյանն է եղել:

«Ես այս պահին Հայաստանում բիզնես չունեմ։ Նախկին գործընկերներս պնդել են, թե միտումնավոր եմ սնանկություն տարել, նման բան չկա, դա անհեթեթություն է։ Իհարկե ցանկություն ունեմ և հեղափոխությունից հետո ձգտելու եմ Հայաստանում ինչ-որ մի գործունեություն իրականացնել»,- ասել է Հարությունյանը։ Նա պարզաբանել է, թե որն է եղել իր սնանկության պատճառը. «2012 թվականից երբ ես սկսեցի պաշտպանել ՀՀԿ-ի շահերը, (չեմ եղել Հանրապետական) Աբովյան քաղաքում, հենց իմ երթուղիների վրա՝ Չարենցավան-Երևան և Աբովյան-Երևան, ավտոբուսներ ավելացան: 2012 կամ 2013 թվականին հարցազրույցի ժամանակ ասացի, որ դա բարեգործություն չի, եթե միտումնավոր ես անում, դա չարագործություն ա: Ծառուկյան Գագիկն իմ խոսքերից լավ վիրավորվեց»,- պարզաբանեց Հարությունյանը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանից ներողություն խնդրե՞լ է, Հարությունյանն ասաց. «Ես Գագիկ Ծառուկյանից ներողություն չեմ խնդրել: 2012 թվականին, երբ ես ու Գագիկ Ծառուկյանը հանդիպեցինք իր կոնյակի գործարանի կաբինետում, զրուցեցինք. այդ Գագիկ Ծառուկյանն ա ինձ ասել՝ «սխալ եմ ես», չի ասել ներողություն, ասել ա՝ «սխալ եմ ես», 10 անգամ էլ ասել ա: Ներկա էին եղել նաև մարդիկ, նախկին քաղաքապետ Իսրայելյան Կարոն էլ էր ներկա, էնքան ասաց Գագիկ Ծառուկյանը՝ «ես սխալ եմ», որ ես իրեն կանգնեցրեցի, ասացի՝ մեր մեջ սխալ ու ճիշտ չկա, եթե բարիշում ենք, եթե մեր մեջ ամեն ինչը լավ մթնոլորտում է, ոչ ես եմ ճիշտ, ոչ՝ դու: Գրկախառնվել ենք և դուրս ենք եկել: Հաջորդ օրը լրատվամիջոցներով տարածեցին, որ ես ներողություն եմ խնդրել Ծառուկյանից... Նման մուսուլմանական ոճի արարքը Ծառուկյանի կողմից, որ դնի ու հեռուստաընկերությամբ ցույց տա, որ տեսեք Արթուրը ինձանից ներողություն ա խնդրել, թողնում եմ ժողովրդի մեկնաբանությանը»,- հայտարարեց Արթուր Հարությունյանը: