Երեկ՝ մարտի 10-ին, ժամը 18:50-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևկելի գոտում:


Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ բախումից մեքենայում գտնվողները դուրս են շպրտվել:

Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: