Shamshyan.com-ը մարտի 3-ին տեղեկացրեց, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ կայքի` ժամը 18:00-ին սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մհեր Մանուչարյանն իր վարած Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին եւ հայտնվել Տանձուտ գետում: Վթարի հետեւանքով վարորդ Մ. Մանուչարյանն ու նրա ուղեւոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի փրկարարները եւ օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Մ. Մանուչարյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր է, իսկ Ա. Թաթոյանը՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով կապիտան է:

Այնուհետ Ֆեյսբուքում եւ որոշ կայքերում տեղեկություններ հրապարակվեցին, որ մինչ փրկարարների ժամանելը, Վանաձորի դպրոցականները կանխել են հրդեհի վտանգը եւ տուժողներին ցույց տվել առաջին օգնություն։ Դպրոցականները, ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների, սովորում են Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցներում:

Տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում: Դեպքը հանրային մեծ արձագանք ստացավ եւ այսօր ԿԳ նախարարը նրանց հրավիրել էր հանդիպման:

Ըստ նախարարության կայքի` նախարար Արայիկ Հարությունյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել զինղեկ Արկադի Մարտիրոսյանին` արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար:
ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգեւատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները եւ զինղեկն արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաեւ Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ» համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:

Անդրադառնալով մամուլում դպրոցահասակ երեխաների մասին պատմող հոդվածների բովանդակությանը` ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Մխիթարյանը որոշ մանրամասներ է հրապարակել` նշելով, որ պատմությունը կեղծված է:

«Խիստ վիրավորված ու վրդովված եմ այսչափ կեղծիքից…….Այդ օրը պապաս տուն եկավ ձեռքերը վիրավոր, մատի արյունը չէր կտրվում, բատինկաները թաց, վերարկուի վրա արյան կաթիլներ ու ցեխոտ, ինքը քրտինքի մեջ կորած: Ես ու մամաս վախից քարացանք …. պապան պատմեց` ինչ է եղել: Պապաս առաջինն էր հասել օգնության, երկու հոգի էլ էին միացել, ջարդել էին մեքենայի առաջի ապակին, որ վիրավոր վարորդին հանեին, բայց չէր հաջողվել, քանի որ մեքենան կողքի վրա էր ընկել, երեքով փորձել էին մեքենան շրջել այդ ժամանակ ԱԻՆ-ի փրկարարները հասել էին միահամուռ ուժերով շրջել էին, նոր հաջողվել էր դուռը բացել ու վիրավորներին հանել: Ինչ եք կարծում, եթե երեք տղամարդ չեն կարողացել մեքենան շրջել, ԱԻՆ-ի տղաների օգնությամբ է դա արվել միահամուռ ուժերով, երեք մանկահասակ երեխաները ոնց էին դա անելու…»,-ֆեյսբուքյան էջին գրել է նաւ:

 

«Ասպարեզը» զրուցել է Նարինե Մխիթարյանի հոր` վանաձորցի 81-ամյա Համլետ Մխիթարյանի հետ (նա դերասանուհի Մարինե Մխիթարյանի հայրն է): Համլետ Մխիթարյանը եղել է ավտովթարի առաջին ականատեսը եւ պատմում է դեպքի մանրամասները:

Հ.Մխիթարյանի խոսքով` ինքը հողամաս ունի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեից 100 մետր հեռավորության վրա, այդ օրը տուն վերադառնալիս է եղել, երբ տեսել է, թե ինչպես է Mercedes մակնիշի ավտոմեքենան ձախ թեքվելիս ընկել փոսը:

«Ես 5 մետր էի հեռու դրանից, ընկավ փոսը, ես վազեցի, իջա փոսը, սկի մարդու ձեն էլ չէր գալիս, ջրի մեջ մտիկ արի, այդ ընթացքում մենակ ես էի, դուրս եկա նորից փողոցի վրա, մեկ էլ տեսա` գայի մի աշխատող վազելով գալիս է, ըլը ինձ չմոտեցավ, ես ասի` շտապ օգնություն զանգի, ինքը ետ գնաց` զանգելու, ես առաջ եկա, սանմաքրման գրասենյակը էդտեղից մի 100 մետր է հեռու, տղեք էին կանգնած, երկու հոգի եկավ, դառանք երեք հոգի, էլ հնար չկար, ասինք` մեքենան շուռ տանք, բայց չկարացանք շուռ տալ: Մեքենայի առաջին ապակին ջարդված էր, բայց ոչ անջատված, իրար կպած մանր կտորների էին, հետի տղան մի երկաթի կտոր ճարեց ու ջարդեց էդ ապակին, ուզում էինք մեքենայի միջից հանել այդ տղուն, բայց չկարացանք, գլուխը հանեցինք, քաշեցինք, ոտքը ընկել էր ռուլի արանքը, հետո որ ուզում էինք հանել, կողքի շուշեկը գունդ-գունդ կախված էին, ես ձեռքերով պոկեցի, աչքերիս էլ ուրիշ բան չէր երեւում, ոչ էլ գործիք կար էդտեղ: … Կողքի դուռը վերեւի մասից բաց կլիներ, բայց կիսաբաց էր, չկարացանք դա բաց անել, այդ տղան ուշքի եկավ, գլուխը բարձրացրեց, ճվաց` օգնություն, օգնություն, ԱԻՆ-ի տղեքը եկան, արդեն դարձանք 5-6 հոգի, մեքենան մի քանի անգամ փորձեցինք շուռ տալ, մեքնենան շուռ եկավ, դռները կարացանք բաց անել ու փրկարարները մեջից հանեցին երկուսին էլ, իհարկե, մենք էլ օգնեցինք, բայց հիմնականը ԱԻՆ-ի տղեքն արեցին: Սկզբից հանեցին, թեք վիճակ կար, էդտեղ պառկացրին, մինչեւ շտապ օգնությունն էկավ, ԱԻՆ-ի տղեքը բարձրացրեցին վերեւ ու ճանապարհ տվինք:

Իմ ձեռքերն էլ սաղ արյունլվիկ էր եղել, ջրի մեջ էինք գործ անում, թրջվել էին ոտքերս»,-պատմում է Համլետ Մխիթարյանն ու ավելացնում, որ այդ վայրում դպրոցահասակներին չի տեսել մինչեւ դեպքի վայր են հասել ԱԻՆ-ի փրկարարները: «Երբ ԱԻՆ-ի տղաները եկան, իրենք արդեն եկան էդտեղ: Գայի աշխատողն էլ էրեխեքին ասաց` խանգարըմ եք, մի կողմ գնացեք, էդքան բանը ես անձամբ տեսել եմ: Իրիկունը ցույց են տալիս, զարմանում եմ ուղղակի, էդքան սուտ կլինի՞: Մթամ իրենք են շրջել մեքենան, զանգել են շտապ օգնություն, սուտ բաներ են»,-արձագանքնելով մամուլի հրապարակումներին ու դպրոցականների հարցազրույցներին` ասում է Հ.Մխիթարյանն ու ավելացնում.

-Իրենք ասում են` մենք անջատեցինք հոսանքը… ԱԻՆ-ի աշխատողներն են անջատել մեր հանելուց հետո, ինչ-որ արեցին, իրենք արեցին:

Հ.Մխիթարյանն ասում է, որ հավանաբար, ԱԻՆ եւ շտապ օգնություն զանգել է իրեն հանդիպած ոստիկանության աշխատակիցներից մեկը, ում առաջինը ինքն է հանդիպել:

Երեխաների հարցազրույցը` այստեղ

Shamshyan.com-ի հրապարակած տեսանյութի 1:55 վայրկյանին քաղաքացիներից մեկը (հավանաբար փրկարարն է կամ ոստիկանության աշխատակիցը, կադրում նա չի երեւում) երեխաներին տեսնելով մեքենայի մոտ, հարցնում է. «էրէխեք ջան, էդտեղ ի՞նչ եք անում…արի, արի ըլլը, ազիզ ջան»:

Լուսանկարներում եւս որոշ մանրամասներ են երեւում

 Նյութի աղբյուրը՝ asparez.am