Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում այսօր՝ մարտի 13-ին, շարունակվում է դասադուլն ու գործադուլը, դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները փակել են կենտրոնական ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամփուկչյանը։

«Այս պահին ծնողները փակել են կենտրոնական ճանապարհը, նրանք իրենց հետ տարել են իրենց երեխաներին։ Մենք ուսուցիչներով դպրոցում ենք, սպասում ենք մարզպետարանի պատասխանին»,–նշեց նա։

Դպրոցի ուսուցչուհու խոսքով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանը, պատճառաբանելով թե իբր հիվանդության բյուլետեն ունի, չի ներկայացել գործի. «Երեկ շատ առույգ էր, նույնիսկ կանգնեց, հայտարարեց, թե իր աշխատավարձից կարող է մի որոշակի գումար տալ փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին, որ չբողոքեն»։

Կարինե Փամփուկչյանը հայտնեց, որ չնայած տնօրենը խոստացել էր հրաժարականի դիմում գրել, սակայն հետո հրաժարվել է հրաժարական տալ։

Ուսուցիչների եւ ծնողների պահանջը մնում է անփոփոխ. Նրանք պնդում են՝ տնօրենը պետք է հրաժարական տա, քանի որ նա արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել ուսուցիչների նկատմամբ եւ իրենք չեն կարող նրա հետ աշխատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Ցուցարարները պնդում են՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։

Հավելենք, որ Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել. «Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաեւ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որեւէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։ Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը եւ մարզպետ Գարիկ Սարգսյանը հետեւողական են լինելու, որ եւ՛ Ավշարի, եւ՛ մարզի որեւէ այլ դպրոցում կամայական եւ անօրինական որեւէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին եւ աշակերտներին չտրվել որեւէ սադրանքի եւ հաճախել դպրոց»։