Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես լսեցի Հայաստանի և Արցախի ԱԱԽ-ների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանի ելույթը: Անընդհատ կարդում էի, որ ոչ մի նոր բան չի ասել: Մինչդեռ ասածն ամբողջովին նոր տեքստեր են: Հնչեցրած ճիշտ ժամանակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, տարածաշրջան այցելելու օրերին:

Նոր չի անշուշտ Նիկոլ Փաշինյանի պնդումը բանակցային գործընթացին Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցչության մասնակցության անհրաժեշտության և նույնիսկ անխուսափելիության մասին, բայց նոր է որպես թելադրվող օրակարգ՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական փաստարկումներով: Նոր է այն, որ սա փաստորեն Մինսկի խմբի կողմից այդ հանգմանքն ըստ էության մերժող հայտարարությունից անմիջապես հետո արտահայտվող սեփական դիրքորոշման կոշտ պնդումն է: Նոր է այն, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն առանց վիզ թեքելու, առանց թաքուն անկյունների, առանց նեյնիմների և հրապարակային, բարձրաձայն պնդում է իր փաստարկված օրակարգը: Ի՞նչ փաստարկով է առարկում Մինսկի խումբն Արցախի մասնակցությանը բանակցություններին՝ քմահաճությա՞ն:

Սեփակա՞ն քմահաճության, թե՞ Ալիևի քմահաճությանը տուրք տալով: Դե ահա Փաշինյանը հնչեցնում է հայաստանյան փաստարկը՝ Արցախի ժողովուրդն է խնդիրը բարձրացրել, Արցախի ժողովուրդը կարո՛ղ է և պե՛տք է արտահայտի իր դիրքորոշումները, և պետք է արտահայտի ոչ թե միջնորդավորված, այլ սեփական ներկայացուցչով: Եվ Հայաստանը պաշտպանելու է Արցախի ժողովրդի այդ իրավունքը: Այստեղ լավ ու վատի հարց չկա, այստեղ խնդրի լուծման ընթացքի կոնկրետ առաջարկ է: Եթե բանակցող կողմերից մեկը դիմադրում է դրան, այդ կողմը խնդրի լուծում չի ուզում, թելադրել է ուզում: Ուրեմն արմատից ոչնչացնում է խնդրի լուծման նկատմամբ բարի կամքը, թողնում է միայն ուժայինը: Եվ եթե Մինսկի խումբը չի ուզում հասկանալ այս պարզ բանը, շարունակում է աճպարարությամբ զբաղվել:

Հայաստանը պնդելու է իր դիրքորոշման վրա և սա միայն պատիվ է բերում Նիկոլ Փաշինյանին: Թող մերժեն, թող մերժման փաստարկներ փնտրեն, «Ալիևը չի ուզում»-ն ամենածիծաղելին է բոլոր հնարավոր փաստարկների մեջ: Իհարկե չի ուզում, և երբեք չի ուզեցել, հենց այդ պատճառով էլ տեղի են ունեցել սումգայիթը, բաքուն, կիրովաբադը, «կոլցոն», պատերազմը... Կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդը պետք է այս հարցում լիարժեքորեն սատարի Փաշինյանին: Սա է պահանջում թե՛ մարդկային, թե՛ մարդածին օրենքն ու իրավունքը, սա է պահանջում ողջամտությունը: Մինսկի խմբի հայտարարության մերժողական տոնից հմայված և այս հարցում Նիկոլ Փաշինյանի «տապալման» հեռանկարի կանխատեսման հաճույքից հալվող «ագենտները» միայն հաստատում են «մադրիդյան սկզբունքներին» իրենց անվերապահ համաձայնությունը և ձեռքերը հնազանդ բարձրացրած հրահանգի են սպասում: Երկրորդ շատ կարևոր ուղերձը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: Հարցին մոտիկից հետևող բոլոր փորձագետները գիտեն, թե որքան պատաստակամ են այս հարցում Հայաստանում և Արցախում, որքան կորշտ մերժողական՝ Ադրբեջանում: Միջազգային կառույցները քիչ փող, ջանք, միտք ու եռանդ չեն ծախսել այս խնդրում որևէ հաջողության հասնելու համար: Բոլորը գիտեն, թե որքան հաճախ են/ենք «ըմբռնումով» մոտեցել ադրբեջանական իշխանությոնների հակառակ կամքին՝ թշնամության սերմանմանը: Հայերի հետ շփման ցանկացած օրակարգ Ադրբեջանում ենթակա է դատապարտման, իսկ ներսում քաղաքական և հանրային հռետորաբանությունը կառուցվում է բացառապես գերթշնամական տեքստի վրա:

Դեռ որքա՞ն կարող է սա շարունակվել: Որքա՞ն կարող է Ադրբեջանի ժողովուրդը զոհ գնալ ալիևյան քմահաճությանը: Ճիշտ նույնքան, որքան միջազգային կառոյցները կհամաձայնեն դրան: «Խաղաղության ախապատրաստման» Նիկոլ Փաշինյանի ուղերձն ուղերձ է միջազգային կառույցներին՝ «դե, աշխատեք, ջանք թափեք, մի եկեք մեզ ասեք՝ Ալիևը չի ուզում, երկրում բռնակալություն է, և փորձագետները վախենում են: Սա մենք վաղուց գիտենք, սա դուք էլ վաղուց գիտեք, բայց դեռ որքան եք աչք փակելու սրա վրա, եթե ինքներդ սրա հետ համաձայն չեք: Թե՞ համաձայն եք: Երրորդ ուղերձը՝ ՀՀ և Արցախի ԱԱԽ-ների համատեղ նիստի փաստը: Մենք մի ենք, միասին ենք, մենք ըստ էության նույնն ենք: Այս ելույթը նաև հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում հետևողականորեն շարունակում է պնդել ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր դիրքորոշումը, և Մինսկի խումբը պետք է հաշվի նստի դրա հետ: Մինսկի խումբը պետք է ավելի ճկուն դառնա, պետք է աշխատի, ոչ թե մի հայտարարությունից մյուս հայտարարություն կրկնի քսան տարվա վաղեմության տեքստը»: