«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի 7 հոգանոց կազմը, որում է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ զբաղեցնում է ռուսական պետական կորպորացիայի մենեջերական դիրք: Մինչ Հայաստանի վարչապետ դառնալը նա այդ դիրքն ուներ «Գազպրոմ»-ի ցանցում:

Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն ընդամենը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այսինքն` ռուսական պետական կորպորացիա:


Այստեղ ուշագրավն այն է, որ հայկական մամուլն արդեն տեւական ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր է զբաղվել քաղաքականությամբ, ուժ ստեղծել, միավորել նախկին իշխանության ամենատարբեր շրջանակների, հանդիպումներ է ունենում այդ շրջանակների հետ եւ այլն: Ընդ որում, Կարապետյանը որեւէ կերպ պաշտոնապես, կարծես թե, չի անդրադարձել այդ հրապարակումներին եւ չի հերքել, որ չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն, չունի սեփական, կամ այլոց քաղաքական ծրագրերում ներգրավվածության մտադրություն:

Ու ստացվում է, որ Հայաստանում քաղաքական ծրագրեր են վերագրվում մարդու, գործչի, որը պաշտոն է զբաղեցնում այլ պետության պետական կորպորացիայում՝ տնօրենների խորհրդի անդամ է: Ընդ որում, այստեղ, մի կողմից, որեւէ նշանակություն չունի, թե խոսքը ինչ պետության եւ ինչ կորպորացիայի, եւ որ գործչի մասին է, մյուս կողմից էլ այդ հանգամանքը նշանակություն է ստանում հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության անցնող երկու տասնամյակի բնույթը, բաղադրությունը, դրանում եղած շահառուների խմբերը, Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ թելերը, քաղաքական շահերը եւ այլն: Այդ ամենի հանրագումարում ստացվում է պատկեր, որը ընդհուպ առնչություն ունի Հայաստանի ազգային անվտանգությանն ու պետական արժանապատվությանը, հատկապես, որ Հայաստանի «տառապանքն էլ այդ առումով փորձ ունի»:

Միեւնույն ժամանակ, ինչի մասին կարող է լինել խոսքը, երբ Կարեն Կարապետյանը այդ կարգավիճակում ոչ միայն մենակ չէ, եւ այլ կա նաեւ գործիչ, որը ոչ թե մամուլի հրապարակումների մեջ, այլ անձամբ է հայտարարել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու պլանների մասին, լինելով ռուսական մեկ այլ խոշոր ընկերության՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ: Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց նա էլ, իհարկե, ինչպես ասում են՝ մենակ չէր: «Ռոսնեֆտ»-ում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, նա այդ իմաստով առայժմ մենակ է, մենակ այն առումով, որ միայն նա է քաղաքական պարտությունից հետո հայտարարել Հայաստանում քաղաքականությունից դուրս գալու մասին, ի պատիվ իրեն:

Բայց ցանկը՝ Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոն ունեցածների եւ հետպաշտոնեական շրջանում Ռուսաստանում աշխատանք եւ ապաստան գտածների, իհարկե, շատ մեծ է, որից ամենամեծ աղմուկը, թերեւս, առ այսօր սպասում է պատասխանի, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնվել ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանը, որն այժմ մարտիմեկյան քննությունից պաշտպանվում է Ռուսաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում