«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որեւէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցները:

Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաեւ այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որեւէ բան պահպանել «նախկիններից»։


ԿԳՆ աշխատակիցն ասաց. «Թեստերով քննություններ անցկացնելը նոր բան չէ՝ 2016-ին եւս թեստերով էր, նախարարը փոխվեց, անցան թելադրության, հիմա մենք հետ ենք վերադառնում»:

Փաստորեն, նախարարական նախասիրություններով են քննությունները որոշվում։ «Ոչ, թելադրության պարագայում բողոքները շատ-շատ էին` ուսուցիչը լավ չի թելադրել, ուշ են հասկացել` ինչ բառ է ասել, ուստի որոշեցինք կրկին անցնել թեստայինին. այն առավել ազատ մտածողություն է ձեւավորում աշակերտի մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում