Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ 24news-ի եթերում հնչեցրած հայտարարությունը լայն արձագանք է գտել համացանցում: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանն ասել էր, որ Մադրիդյան սկզբունքներից պետք է հրաժարվել՝ առաջարկելով Արցախի խնդրի կարգավորման հետևյալ տարբերակը. «Կա միջազգային խնդիրների լուծման մեխանիզմ: Սուր կոնֆլիկտները մեր երկրագնդի վրա լուծվել են մանդատային տարածքներով: Մանդատը վերցնում ա, եթե Կովկասը համարում ենք ՌԴ-ի տիրույթի տակ, Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, մարդիկ կամաց-կամաց զարգանում են էդ տարածքի վրա, ինտեգրվում և այլն: Նստել, ասել՝ Ադրբեջան-Հայաստան պետք ա իրար հետ համաձայնվեն, խնդիրը լուծվի, դա չի կարա լուծվի, դա վիժեցնել ա ու բերել պատերազմի նորից»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Բաբայանի հայտարարությանը. «Հիշո՞ւմ եք, որ 2016թ. Մոսկվայից նոր եկած Սամվել Բաբայանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ապրիլյան քառօրյա պատերազմն անվանեց լայնամասշտաբ դիվերսիա... Հիշեցնեմ, թե այն ժամանակ ինչ տեսակետ հայտնեցի ու դա էր պատճառը, որ չէի կարող ողջունել մեկ տարի անց նրա կողմից ՕՐՕ դաշինքի ստեղծումը, այն էլ այդ պատերազմը անցած մեկ այլ սուբյեկտի՝ Սեյրան Օհանյանի հետ... Տեղի ունեցածը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա անվանելը նշանակում էր ջրել պատասխանատվությունը, որ կարող էր միջազգայնորեն ունենալ հարձակվող կողմը՝ Ադրբեջանը, նրան խրախուսած կողմերը.... Դիվերսիայի համար միջազգային պատասխանատվություն ու հետևանքներ չկան, իսկ այ պատերազմի համար կան... Ու երբ դա ասում է պատերազմ անցած ռազմական գործիչը, այլ ոչ թե պատերազմից չհասկացող, դիլետանտ մեկը, ապա տրամաբանական է, որ հարց պետք է տաս՝ ո՞ւմ համար կամ հանուն ո՞ւմ է սա ասվում... Երբեք չեմ ասի, թե Սամվել Բաբայանը դա ասում էր հանուն Ադրբեջանի, բայց, այ, հանուն Ռուսաստանի, որտեղ հայտնվել էր մեծ պարտքերի տակ ու որտեղ սկսել էր ինտենսիվ շփումներ ունենալ ռուս զինվորականութան հետ, հնարավոր էր.... Դեհ, չասեմ նրա անհասկանալի ներխուժումն Արցախի տարածք, որտեղ, ցավոք, մեր լավ ընկեր Հայկ Խանումյանը տուժող դարձավ... Հիմա Բաբայանն ասում է, թե Արցախը պետք է տեղափոխվի ռուսական մանդատի տակ... Մի ծրագիր, որը Ռուսաստանում մշակվել է 2008-ից, կոնցեպտուալ շարադրվել 2012-2013թթ., որի էությունը ռուսական ռազմական ներկայությունն է Արցախում՝ ինչպես որ եղել է Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում: Մի բան, որին անգամ դիմադրեց Սերժ Սարգսյանը թեկուզև 800 հեկտարի խարանը վերցնելով, ինչի մասին վկայեցին ապրիլյան պատերազմն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն...»: