«Մեծ ծնունդներ չեմ սիրում, բայց մայրիկս պնդեց»,- այսօր՝ մարտի 18-ին, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասել է ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի հարցին, թե մինչեւ վարչապետի դուստր լինելը նրա տարեդարձը արդյոք այդպես ճոխ նշվել է:

Մարիամ Փաշինյանը պատմել է, որ իր 16-ամյակը նշել են շատ փոքր, քանի որ հաջորդ օրը քննության էր, պատրաստվում էր ընդունվել համալսարան․«դրանից հետո Էսպտոնիայում էի, սովորում էի Տարտուի համալսարանում ու ընդհանրապես ծնունդս չէի նշել, որովհետեւ էլի քննությունների շրջանում էի։ Երեք տարի չեմ անցկացրել ծննդյանս տարեդարձը ոչ ծնողներիս, ոչ Հայաստանի ընկերներիս հետ»,- ասել է նա, ապա բացատրել, թե ինչու են այնաուամենայնիվ այդքան մեծ կազմով տարեդարձ տոնել․


«Հայաստանում շատ ու շատ ընտանիքներ սիրում են այդ կլոր տարեդարձերը մեծ նշել, հատկապես 20-ամյակը։ Ընդհանրապես դա իմ ցանկությունը չէր այդքան մեծ նշելը, ես մեծ ծնունդներ չեմ սիրում, բայց մայրիկս պնդեց։ Կարծում եմ՝ բոլորի մայրիկները սիրում են այդպես նշել ծնունդները»,- ասել է նա։

Սակայն մինչեւ Փաշինյանի վարչապետ դառնալը ծննդյան մեծ ու ճոխ սեղան է եղել իր կրտսեր քրոջ՝ Շուշանի միամյակին․ «2008 թվականին մարտից հետո իմ փոքր քրոջ Շուշանի միամյակը հուլիսի 17-ին էր, ու այդ ծնունդը, երբ հայրս գնաց ընդհատակ, եւ Հայաստանում անելանելի վիճակ էր, մենք նշել ենք Բելաջիո ռեստորանում, որը այդ ժամանակ լավ ռեստորան էր համարվում։ Եվ կազմը էլի այդ չափի էր, որքան իմ ծնունդին, այսինքն՝ մոտ 100 հոգի, եւ 90 տոկոսը ներկա էր նաեւ իմ ծնունդին, այսինքն՝ ոչ էլ կազմն էր փոխվել»,- պատմել է Փաշինյանի դուստրը։

Նա նաեւ ընդգծել է, որ իր ծննդյան տարեդարձին պաշտոնյաների չի հրավիրել․ «Ո՛չ, պաշտոնյաներ չկային, կարող է մի քանի հոգի՝ ուղղակի ընկեր կամ բարեկամ։ Բայց մարդիկ ընտրվել են ընկերության, մարդկային հարաբերությունների սկզբունքով, ոչ մեկ չի եկել, որովհետեւ պաշտոնյա է, ես իմաստը պարզապես չեմ հասկանում, ուղղակի մարդուն կանչում ես ծննուդին, որովհետեւ նա պաշտոնյա է, դրա գեղեցկությունը, դրա իմաստը չեմ հասկանում»։

Լրագրողի հարցին՝ արդյոք 100 հոգով ծննդյան տարեդարձ նշելը ճոխ չի համարում, պատասխանել է․ «Իմ ծնողները իրենց աշխատավարձով այդպիսի բան են արել, եւ ես շատ գնահատում եմ», իսկ մամուլի հրապարակումներին, թե նրա ծննդյան օրը նշելիս փողոցը փակել են, արձագանքել է․ «Տերյան փողոցը անգամ մի րոպե փակված չի եղել, ու դա պարզապես սուտ է»։