«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։ Պետեկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար և որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչև ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս տալ փակվելուց՝ որոշակի տուգանք վճարելով։

Դավադրությունների տեսության սիրահարները հնարավոր է սրանում տեսնեն ՊԵԿ-աշխատակազմի ղեկավար հակադրության դրսևորման փաստ, բայց մենք կարծում ենք, որ պետք չէ այդքան հեռու գնալ՝ ուղղակի ՊԵԿ-ը փորձում է վարչապետի հրահանգներին հավատարիմ մնալ և բացահայտել իրական եկամուտը թաքցնողներին։ Պարզապես, տարօրինակ է, որ այդ ցանկում է հայտնվել նաև «Զիգզագը», որը խոշոր հարկատուներից է և անմիջականորեն կապված է կառավարության անդամներից մեկի ընտանիքի հետ։

Ի դեպ, դեռևս դեկտեմբերին Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «Նուռ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ստուգումներ իրականացնել այս ցանցում»։

Այս գրառումը պատճառ էր դարձել, որ ՊԵԿ-ը մտնի միրգ- բանջարեղենի այդ փոքրիկ խանութը և ակտ գրի, որի արդյունքում խանութը 300 հազար դրամի տուգանք վճարեց։ Փաստորեն, պետք է խնդրենք, որ Աղաջանյանը երբեմն էլ առևտուր անի իրենց սեփական խանութից և իր պահանջկոտությունը դրսևորի ոչ միայն ուրիշ փոքրիկ խանութների, այլ սեփական խոշոր հարկատու խանութի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: