«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Գյումրու անօթևանների խնդրին՝ գրելով․ «Իրականում մարդ չգիտի` ում մեղադրի...

Շիրակի մարզի մի շարք գյուղերում և Գյումրիում, կիսաքանդ շինություններում և դոմիկներում բնակվող բազմազավակ ընտանիքներին հերթական այցելությունից հետո վերադառնում ենք գրասենյակ: Անկեղծ ասած՝ այսօր եզակի օր էր, որ չեմ կարողանում մատնանշել կոնկրետ մեղավորին, այսքան ծանր աղքատության և երեխաներին բառիս բուն իմաստով, անուշադրության մատնելու համար:
Մի դեպքում, առանց հոր մեծացող վեց մանկահասակ երեխաների մայրը, մեր այցելության պահին, հարևանի տանն էր, իսկ երկու տարեկան երեխան էլ ութ տարեկան աղջնակի գրկում: Մեկ այլ դեպքում, կրկին առանց հոր մեծացող երեք տղաներից երկուսն էին տանը, մայրը փոքրիկի հետ խանութ էր գնացել: Իսկ երկու՝ ութ և ինը տարեկան տղաները աղբանոցից հավաքած պլաստիկե տարաները գցել էին վառարանը, որ կափարիչն էլ բաց էր և տան դուռը բացելուն պես խեղդվեցի սարսափելի ծխից... Մյուս դեպքերում էլ նման ողբերգական պատկերներ էին»: