Երեւանում շաբաթօրյակի շրջանակում մի տղամարդ բողոքում էր քաղաքապետ Հայկ Մարությանին, որ ոչ մի կերպ իր բողոքի չի կարողանում հասցնել քաղաքապետարան, քանի որ իրեն ասում են, թե պետք է համակարգչով դիմի, ինքն էլ չի կարողանում:

«Երկու անգամ ընդունելություն է եղել քաղաքապետարանում, ես չեմ կարողացել մասնակցել, որովհետեւ դիմում եմ քաղաքապետարան, ասում են՝ պիտի գնաք կայքով դիմեք: Էդ մարդը կայք չունի, կոմպյուտեր չունի. 80 տարեկան կինը ո՞նց գնա ընկնի կայք. Էնտեղ 50 հատ պարազիտ կա, հիմա չեմ ուզում էդ հարցերի շուրջ խոսեմ: Նրանցից մեկին հանձնարարեք, թող զբաղվեն քաղաքացու հարցերով»,-դիմելով Մարությանին՝ ասաց քաղաքացին:


Վերջինս նշեց, որ պարտադիր չի համակարգչով, կարելի է նաեւ զանգով դիմել: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ հավելեց, որ կարող է նաեւ նամակ ուղարկել, ինչին տղամարդը կոպիտ արձագանքեց. «Ինձի մի լոլո կարդա, նամակը գրում ենք, թաքցնում են, անհայտացնում են»:

«Ես էստեղ ձեզ ասում եմ,՝ ձեզ կընդունենք, էլ ի՞նչ ես ուզում»,-ասաց քաղաքապետը եւ Հակոբ Կարապետյանին հանձնարարեց լսել ու պատասխան տալ քաղաքացու խնդրին: