«Շերեմետևո» օդանավակայանում 2018թ.-ի նոյեմբերի 20-ին ինքնաթիռի շասսի տակ ընկած ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան հիմնական վարկածը հանգում է նրան, որ ուղևորների թռիչքի և գրանցման խմբի դիսպետչերները խախտել են տեխնիկական կանոնակարգը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին:

Նրա խոսքերով, Ալբերտ Եփրեմյանը, որն արտաքսվել էր Իսպանիայից, ուղևորների թռիչքի և գրանցման խմբի դիսպետչերների կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման պատճառով ապօրինի հայտնվել էր թռիչքուղում:

Նախնական վարկածի համաձայն՝ Եփրեմյանը դուրս է եկել ավտոբուսից և վազել դեպի թռչող ինքնաթիռը. նրան չեն հասցրել կանգնեցնել:

Քննիչները կարծում են, որ «Շերեմետևո» ժամանելուց հետո տղամարդուն չեն հսկել և ավտոբուս նստելու և Երևանի թռիչքին հետևելու փոխարեն նա ուղղվել է թռիչքուղի: Այստեղ նա ընկել է թռչող Boeing 737-ի տակ:

Եփրեմյանի մահից հետո ՌԴ ՔՕ 263.1 հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում) հարուցված քրգործի հետաքննությունը շարունակվում է, նշել է ՔԿ ներակայացուցիչը: