Աշխարհը, այդ թվում Հայաստանը շարունակում է ուշադրությամբ հետեւել Գոլանի բարձրունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի եւ վարչակազմի դիրքորոշմանը, որով այդ վիճելի համարվող տարածքի հանդեպ ԱՄՆ-ն ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը:

ԱՄՆ նախագահ Թրամփի «իրողությունների ճանաչման» քաղաքականությունը, որի մասին նա խոսել էր դեռեւս Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարության համատեքստում, դրսեւորվեց փաստորեն նաեւ Գոլանի բարձունքների առումով:

Իհարկե, ոչ բոլորն են «ճանաչում» դրանով ձեւավորվող նոր իրողությունները, բայց խոսքն ԱՄՆ կատարած ճանաչման եւ ըստ այդմ ձեւավորած իրավիճակի մասին է, ոչ թե, ասենք Վանուատուի:

Թրամփի քաղաքականության պատճառների վերաբերյալ կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են, սկսած անկասկած է, որ Սպիտակ տան որոշման հարցում դեր են խաղացել մի շարք հանգամանքներ, քանի որ խոսքը լրջագույն հարցի մասին է, ըստ այդմ որոշում կայացնողներն անկասկած դիտարկում են հնարավոր ամենատարբեր եւ բազմավեկտոր ազդեցությունները:

Դրանց շարքում եղե՞լ են Հայաստանին առնչվող խնդիրներ: Այդ իմաստով հատկանշական էր, որ Թրամփի այդ ուղերձով ու ճանաչումով մերձավորարեւելյան ռեգիոն այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Երուսաղեմում այցելել եւ մոմ էր վառել նաեւ տաճարի հայկական հատվածում եւ զրուցել հայ հոգեւորականների հետ: Իսկ դա խորհրդանշական ակտ է, այդ թվում նաեւ Գոլանի վերաբերյալ Սպիտակ տան որոշման համատեքստում:

Այստեղ ասոցիացիաները բնականաբար անմիջապես տանում են Արցախ, սակայն մինչ այդ, կամ այդ ճանապարհին արժե նաեւ մտածել, թե արդյոք հայկական շահ առկա չէ նաեւ հենց մերձավորարեւելյան համատեքստում: Հատկապես նկատի ունենալով այն, որ Հայաստանն արդեն մի քանի շաբաթ ռեգիոնում ներկա է նոր եւ առանցքային՝ Սիրիայում մարդասիրական առաքելության կարգավիճակով:

Ի դեպ, հատկանշական է, որ դրան զուգահեռ, Իսրայելը հայտարարեց Ադրբեջանին անօդաչու վաճառած եւ այն հայկական դիրքերի վրա փորձարկած իսրայելական ընկերության արտահանման արտոնագիրը վերականգնելու մասին: Զուգադիպությու՞ն էր դա, թե ոչ: Լինու՞մ են մեծ քաղաքականության մեջ այդօրինակ զուգադիպություններ:

Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումը նոր իրավիճակ է ստեղծում նաեւ այդ առումով, թե իսրայել-ադրբեջանական, թե հայ-իսրայելական հարաբերության համատեքստում:

Մասնավորապես, Իսրայելն այդ իմաստով հայտնվում է յուրօրինակ բարոյա-քաղաքական փաստարկի դիմաց, ինչպես հայերի ցեղասպանության դեպքում: Ցեղասպանություն ապրած ազգի պետությունը չի ճանաչում մեկ այլ, Հոլոքոստից առաջ եղած ցեղասպանությունը՝ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Իհարկե դժվար է ասել, որ այդ բարոյա-քաղաքական մամլիչի դիմաց գտնվող Իսրայելի կառավարությունները այդ կապակցությամբ ունենում են ծանր ապրումներ, սակայն, մյուս կողմից, ինչպիսի՞ն կլինի իրավիճակը, եթե Հայաստանն ավելի աշխույժ լինի այդ հանգամանքի շեշտադրումների իմաստով, անշուշտ ոչ թե նախատինքի, այլ հենց ցավակցության լեզվով, ընդ որում խոսելով ոչ թե Իսրայելի ղեկավարության, այլ Իսրայելի ժողովրդի հետ: Ինչպես Ադրբեջանի պարագայում է Հայաստանը պատրաստվում խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, այդպիսով բավական անհարմար վիճակում դնելով Ադրբեջանի իշխանությանը:

Որքան էլ տարօրինակ հնչի, Գոլանի բարձունքների մասին որոշումով ԱՄՆ վարչակազմը Իսրայելին դնում է Հայաստանի եւս մեկ բարոյա-քաղաքական, եւ այս դեպքում նաեւ իրավա-քաղաքական մամլիչի առաջ՝ ազատագրված տարածքների:

Հայաստանն այստեղ իհարկե զգալիորեն կաշկանդված է հարցը բաց խաղարկելու հնարավորությունից, թե Իրանի, թե արաբական աշխարհի հետ բարիդրացիական հարաբերության առումով: Այստեղ Երեւանի համար անհրաժեշտ է չխախտել համարժեքությունն ու հավասարակշռությունը: Այդ իմաստով, այս դեպքում Երեւանի ձեռքին Թրամփը տալիս է «անտեսանելի ճակատի» խաղաքարտ, բայց բավական հաստատուն խաղաքարտ:

Ընդ որում, հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն տեղեկությանը զուգահեռ, որ տարածվեց մի քանի շաբաթ առաջ՝ Հայաստանի վարչապետի Իսրայել այցի նախապատրաստության մասին: Միաժամանակ, Հայաստանի փոխարտգործնախարարն այցելել էր Իսրայել եւ տեղի մեդիայի հետ հարցազրույցում հայտարարել, որ Երեւանը դիտարկում է Թել Ավիվում դեսպանատուն բացելու հարցը:

Ինչպե՞ս է արձագանքելու Իսրայելի կառավարությունը Երեւանի նախաձեռնություններին՝ Գոլանի մասին Թրամփի որոշումից հետո:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am