Մեղրիի զորամասում «ընդվզումից» նոր մանրամասներ են հայտնի դառնում, նաեւ ամբողջությամբ բացահայտվում են արատավոր երեւույթները ոչ միայն բանակում, այլ նաեւ ողջ հասարակությունում:

Մամուլի տեղեկություններով, Մեղրիի զորամասի մի խումբ արտոնյալ զինվորներ փորձել են պահպանել իրենց կարգերը, եւ երբ սպաները որոշել են վերականգնել կարգապահությունը ու կանոնագրքի գործողությունը, մի քանի զինվորների կոչով լքել են տարածքը եւ դուրս եկել Մեղրիի փողոցներ:

Կան տեղեկություններ, որ զինվորները գոչում էին «կյանք գողերին, մահ ոստիկաններին», իսկ գլխավոր նախաձեռնողն ասում էր, որ պատրաստ է բանտ նստել ու «տեր» կանգնել մյուսներին: Տեղեկություններ կան նաեւ, որ զորամասում կանեփ են աճեցրել:

Զինվորներին պատժել են ու ցրել տարբեր զորամասերում, ոմանք հայտնվել են Ղարաբաղում: Այդ զինվորների մայրերը վրդովվել են, եւ միջադեպի «ասքը» սկսել է պտտվել այն բանի շուրջ, թե ինչու են երեխաներին «գաղտնի» տարել Ղարաբաղ:

Հետո այս թեման հարթվեց, բայց դա ընդդիմախոսներին առիթ տվեց հայտարարելու, որ Հայաստանում բանակի վարկաբեկման, Ղարաբաղի եւ քաղաքականության ուժային բաղադրիչի դեմ արշավ է տարվում:

Սլաքներն այս թեմայի վրա ուղղելը չի կարող խլացնել գլխավոր հարցը՝ գողական բաղադրիչը բանակի կառուցվածքում չի՞ անցնում կրիտիկական գիծը: Ոչ մի մայր, իհարկե, չի ուզում, որ իր որդին առաջնագծում ծառայի: Բայց որ մայրն է ցանկանում, որ իր որդին երկու տարի ծառայի, իսկ հետո ողջ քաղաքացիական կյանքն ապրի գողական, կաստայական մշակույթի գերիշխանության պայմաններում:

Երեկ Ղարաբաղում զինվորը սպանել է ծառայակցին: Նա ասել է, որ նորից նույնը կաներ, որովհետեւ իրեն անընդհատ նվաստացրել են:

Բանակում ծառայող եւ կաստայականությունից, կյանքի ու արժանապատվության իրավունքների անպաշտպանությունից տուժող տղաների մայրերը պետք է այս հարցը բարձրացնեն բանակի ղեկավարության, կառավարության առաջ եւ պահանջեն, որ իրենց որդիների համար ծառայության նորմալ պայմաններ ապահովվեն:

Հասկանալի է, որ բանակը փակ համակարգ է, եւ ցանկացած բանակում կաստայականության ու աստիճանավորման տարրեր կան, բայց չի կարելի թույլ տալ, որ այս ենթամշակույթը, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրավունքի եւ օրենքի հետ, փոխարինի բանակի կառուցվածքին: Փաստացի, մեր բանակում երկու ուղղահայց է ձեւավորվել՝ կանոնադրական եւ գողական, եւ հրամանատարությունը հաճախ հարմարվում է գողական կառուցվածքին՝ գործարքի մեջ մտնելով դրա հետ:

Մեղրիի միջադեպը հարցը բարձրացնելու լավ առիթ է, եւ դա կարող են անել զինվորների մայրերը: Թե նրանց մայրերը, որոնց որդիներին նվաստացնում են բանակում, եւ թե նրանց, որոնք դարձել են այդ ռեպրեսիվ համակարգի մասը: Բանակի հրամանատարությունը եթե ցանկանում է վերականգնել բանակում միակ ուղղահայցը՝ կանոնադրականը, պետք է համագործակցի նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարել գողական դրվածքների դեմ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am